Երեւան: Մեդիամաքս: Թբիլիսիում անմխիթար վիճակում գտնվող Սուրբ Նշան հայկական եկեղեցու հրատապ ամրակայման աշխատանքները կիրականացվեն այս տարի:
Այսօր այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը`Մեդիամաքս-ի խնդրանքով անդրադառնալով վերջերս Սուրբ Նշանում բռնկված հրդեհի հետեւանքներին:
Նախարարը հիշեցրել է, որ հայկական պատվիրակությունը մեկնել էր Թբիլիսի` տեղում իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
“Սկզբից մի բան էին ասում, տեղում պարզվեցին այլ հանգամանքներ: Մեր մասնագետների պնդում են, որ հատուկ հրկիզում չի եղել: Պետք է շատ զգույշ լինել, բառախաղը կարող է խնդիրներ առաջացնել երկու հարեւան երկրների միջեւ”, - ասել է Հասմիկ Պողոսյանը:
Նախարարն ասել է, որ վրացական կողմը եկեղեցու հրատապ ամրակայման աշխատանքների իրականացման համար արդեն նախատեսել է գումար հատկացնել պետական բյուջեից:
“Վրացական կողմը խոստացել է, որ հետագայում հիմնական ամրակայման աշխատանքները եւս կիրականացվեն”, - ասել է Հասմիկ Պողոսյանը:
Այս տարվա ընթացքում նախատեսված է Հասմիկ Պողոսյանի այցը Թբիլիսի, որի շրջանակներում կքննարկվեն Վրաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների խնդիրները:
















