Հայտնի է ամանորյա միջոցառումների ժամանակացույցը - Mediamax.am

1902 դիտում

Հայտնի է ամանորյա միջոցառումների ժամանակացույցը


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այսօր հայտնել է, որ Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում նոր մոտեցումներով ու դեկորներով ժամանակակից հեքիաթային քաղաք է կառուցվում:

«Տոնական միջոցառումների համար այս տարածքում ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցում կկառուցվի, որպեսզի հնարավորություն ունենանք ապահովել քաղաքացիների անվտանգ երթեւեկությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է փոխքաղաքապետը:

 

Տիգրան Վիրաբյանը հիշեցրել է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, եւ արարողությունը կուղեկցվի հայկական մոտիվներով համաշխարհային ամանորյա հիթերից կազմված մյուզիքլով:

 

Լույսերի վառման արարողությանը կհաջորդի ամանորյա տոնավաճառի բացումը Երեւանի 2750-ամյակի այգում: 

 

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ին, հայ արտիստները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները, կլինի նաեւ «Երեւան 2020» ամանորյա ծրագրերի համար գրված երգի պրեմիերա, որից հետո՝ 23:45-ին, Հանրապետության հրապարակից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ամանորյա ուղերձով: Այն ուղիղ կհեռարձակվի: 

 

«Այնուհետեւ կլինի Գորան Բրեգովիչի ու իր նվագախմբի համերգը, որից հետո էլ տոնական միջոցառումը կշարունակվի մինչեւ լուսաբաց»,- մանրամասնել է փոխքաղաքապետը:

 

2020թ. հունվարի 5-ին կլինի մանկական համերգ-ներկայացում: 

 

Տոնական միջոցառումները կավարտվեն 2020-ի հունվարի 13-ին:

 

Անդրադառնալով միջոցառումների ծախսային մասին՝ Տիգրան Վիրաբյանն ասել է. 

 

«Երեւանի համայնքային բյուջեից տրամադրվում է 158 մլն դրամ, դրան գումարվում է կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված 271 մլն-ը»: 

 

Նա հայտնել է, որ Գորան Բրեգովիչի եւ խմբի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմում է €65 000:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին