Հայկական ձեռագործ աշխատանքների արժեքավոր ու բացառիկ նմուշներ Նարեկ Վան Աշուղաթոյանը ձեռք է բերել աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Շոտլանդիա, Թուրքիա... Սկիզբում էր դժվար, երբ միջազգային աճուրդներում ու վաճառասրահներում ապարդյուն փորձում էր գտնել հայկական ձեռագործներ։ Հետո հասկացավ, որ դրանք պետք է փնտրել «օսմանյան», «թուրքական» կամ «հունական» անվանումների ներքո։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հավաքածուի համար հիմք է դարձել պապից՝ նկարիչ Հովհաննես Շարամբեյանից ժառանգած ասեղնագործ աշխատանքների որոշ պատառիկներ։ Հիմա Նարեկի հավաքածուն ներառում է ավելի քան 70 աշխատանք՝ հիմնականում ծիսական ու կիրառական։ Այս գարնանը Նարեկ Վան Աշուղաթոյանը դրանք ներկայացրեց «Փրկյալ ձեռագործք հայոց» գրքում, իսկ հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նույնանուն ցուցահանդեսը։
«Ինձ համար ուրախալի օր է, որովհետեւ հնարավորություն ունենք ազատորեն նշելու՝ ով է այս ստեղծագործությունները հեղինակած ազգը։ Շատ կարեւոր է, որ մեր հանրությունը հաղորդակից լինի այս նմուշներին, դիզայներներն իրենց գործն անեն, ազգագրագետներն ու պատմաբանները՝ իրենց։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սրանք բավական բազմաշերտ տեղեկատվություն պարունակող նյութեր են։ Ամեն գյուղ կամ քաղաք նկարչական դպրոց չի ունեցել, բայց ամեն գյուղում ու քաղաքում բոլոր կանայք ասեղնագործել են, եւ սա էլ նկարելու մի ձեւ էր։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան էմոցիաներ, տեղեկատվություն է խտացված այս նյութերում, որոնք բացելու, հասկանալու առիթներ դեռ պիտի ունենանք»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Որոշ նմուշներ նոր են՝ գրքի հրատարակությունից հետո է ձեռք բերել։ Նարեկը ցույց է տալիս Մարաշի 19-րդ դարի երկու ծածկոց, հետո Էրզրումի Ձիթհող գյուղից մի սրբիչ։ Ասում է՝ կարեւոր նմուշ է՝ ե՛ւ գյուղն է հայտնի, ե՛ւ հեղինակը։ Գնել է մի թուրքից, որի նախնիները, ինչպես պարզվել է, հայեր են, ու սրբիչն էլ ասեղնագործել է նրա թրքացած տատի տատը։
Հիմա հավաքորդներն արդեն իրենք են դիմում Նարեկին՝ ճշտելու ձեռագործ աշխատանքների հայկական ծագումը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայերին զուգահեռ ասեղնագործել են նաեւ թուրքերը։ Տարբերությունները երբեմն բավական լավ զգացվում են, բայց որպեսզի դրանք միանգամից նկատեն, պետք է շատ տեսնեն հայի, հույնի, թուրքի արած ձեռագործները։ Մարդիկ այդ փորձառությունը չունեն, իրենք դա դիտել են որպես թուրքական եւ հիմա բացահայտում են, որ հայերն էլ են զբաղվել ձեռագործով»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ձեռագործ աշխատանքներն այլեւս ավանդական օժիտի մաս չեն, բայց դրանք այսօր էլ կիրառվում են։ Ազգագրագետ, ցուցահանդեսի ավագ խորհրդատու Հրազդան Թոքմաջյանը նկատում է, որ ասեղնագործության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Վերջին 5-10 տարվա ընթացքում ասեղնագործության նկատմամբ վերաբերմունքը շոշափելի փոխվել է, շատ մեծ աշխուժություն կա։ Դրան նպաստել են հրատարակված գրքերը, մի շարք կազմակերպությունների, մշակութային միությունների, հիմնադրամների գործունեությունը։ Հայաստանի ամբողջ տարածքում ասեղնագործության դասընթացներ են անցկացվում, ասեղնագործությունն օգտագործում են տարազի մեջ, հագուստի ցուցահանդեսներում»,- ասում է Հրազդան Թոքմաջյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցահանդեսը կազմակերպել է «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը, որը Հայաստանի համայնքներում իրականացնում է ձեռագործ աշխատանքների ուսուցման դասընթացներ։ Որպես այս արվեստի փորձառու վարպետներ՝ ծրագրում ներգրավված են նաեւ սիրիահայ կանայք։
Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: