Փաշինյան. Ամուլսարի շահագործումն արգելելը խտրական մոտեցում կլինի - Mediamax.am

4502 դիտում

Փաշինյան. Ամուլսարի շահագործումն արգելելը խտրական մոտեցում կլինի


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «առնվազն այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմք չկա»։

«Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները։ Սակայն, մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել նաեւ ՀՀ տնտեսական հանրության անհանգստությունների հետ։ 

 

Վերջերս «Մուդիս» ընկերությունը բարձրացրել է ՀՀ վարկանիշը։ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում մենք ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են՝ եթե մենք այս իրավիճակը ճիշտ չկառավարենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացմանը, ինչի հետեւանքները մենք բոլորս կարող ենք զգալ մեր կողմից ստացվող վարկերի, այսինքն՝ փողի արժեքի համատեքստում»,-Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով հայտնել վարչապետը։  

 

Նրա խոսքով՝ եթե ՀՀ կառավարությունն արգելի Ամուլսարի հանքի շահագործումը, ապա դա կարող է դիտարկվել «որպես խտրական մոտեցում»։

 

«Եթե ուղղակի չենք թույլ տալիս շահագործվի, ապա պետք է նշենք, թե ինչու ենք թույլ տալիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Թեղուտի հանքերը շահագործվեն։ Արդյոք դրանք գործո՞ւմ են բնապահպանական բոլոր ստանդարտներին համաձայն։ Մենք կարող ենք ունենալ միջազգայնորեն շատ լուրջ խնդիր՝ խտրական մոտեցումներ ցուցաբերելու համատեքստում»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ «չի կարելի արհամարհել մեր երկրի տնտեսության եւ արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք նույնպես որոշակի կարեւորություն ունեն այս հարցը քննարկելիս»։ 

 

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բնակիչներին հորդորել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին