Նոր հրապարակայնությունն «ապակյա տան» մեջ - Mediamax.am

6925 դիտում

Նոր հրապարակայնությունն «ապակյա տան» մեջ


Լուսանկարը` Robert Drakes

Լուսանկարը` Gustavo Pereira

Վիկտոր Սողոմոնյանը
Վիկտոր Սողոմոնյանը

Արդեն տեղեկացրել էինք, որ քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը «Ժամանակակից լրատվամիջոցների համակարգում քաղաքական իմաստների ձեւափոխումը» հատուկ դասընթաց է կարդում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային լրագրության ֆակուլտետի մագիստրոսների համար:

 

Ներկայացնում ենք հատվածներ Վիկտոր Սողոմոնյանի երկու դասախոսություններից եւ ելույթների տեսագրությունները:

 

Առաջ եւ հիմա

 

Պատկերացրեք, որ այժմ ոչ թե 2019, այլ 2006 թվականն է: Սոցիալական ցանցեր դեռ չկան, դեռեւս չեն ստեղծել հեռախոսներ, որոնց վրա կան լավ տեսախցիկներ, եւ տեղեկատվություն ստանալու համար մենք հիմնականում օգտագործում ենք հեռուստացույցը կամ թերթերը:

 

Մենք օբյեկտիվացնում էինք աշխարհը խոշոր իրադարձությունների միջոցով: Հեռարձակման ժամանակը եւ, առավել եւս, լուրերի հավաքման ժամանակը խիստ սահմանափակ էին: Հսկայական թիմը հեռախոսների եւ տելետայպի միջոցով ողջ աշխարհից հավաքում էր տեղեկատվություն, ինչը պահանջում էր մեծ ջանքեր եւ ժամանակ: Ոչ միայն տեղեկատվության փոխանցման ուղիներն էին քիչ, այլեւ տեղեկատվություն ստանալու պահը պարտադիր պետք է համընկներ ստացման տարածություն հետ։

 

 

Անհրաժեշտ էր ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել՝ հեռուստացույցի մոտ, ռադիոյի առջև, կամ էլ հասցնել թերթ գնել։

 

Ընտրության չափանիշները

 

Ինչո՞ւ էին հենց դա մեզ ցույց տալիս: Ինչո՞ւ էր այդ ամենը կարեւոր, իսկ մնացածը չէր հայտնվում հեռուստացույցի էկրանին կամ թերթերի առաջին էջերում:

 

Խորհուրդ եմ տալիս կարդալ Ժիլ Դելյոզի «Կինո» հրաշալի գիրքը: Միշել Ֆուկոն ասում էր, որ մի օր ХХ դարը կանվանեն «Դելյոզի դար»։ Ի՞նչ է ասում Դելյոզը այդ գրքում։ Նախքան կինոյի ստեղծումը, մենք որպես գեղարվեստական պատկեր տեսնում էինք միայն «արտոնյալ պահերը»՝ լուսանկարները։ Դելյոզը ձիերի օրինակն է բերում՝ նախկինում մենք տեսնում էինք քառատրոփը միայն արտոնյալ պահերին։ Այն, թե ինչպես են ձիերը սլանում, մենք պատկերում էինք մեր մտքում:

 

Կինոյի հետ մենք ունեցանք «քառատրոփ», որը կարելի է տեսնել ցանկացած ժամանակ։

 

Ժամանակակից տեղեկատվության օրինակ

 

2017 թ. դեկտեմբերի 31-ին Անգելա Մերկելի Instagram-ում հայտնվեց մի նկար, որի կից գրությունը հայտնում էր, որ կանցլերը շուտով հանդես կգա ամանորյա ուղերձով։ Ընդամենը մի քանի տարի առաջ դա ընդհանրապես չէր կարող դիտարկվել որպես տեղեկատվական հաղորդագրություն։ Հասկանո՞ւմ եք՝ նկարում անգամ կանցլերը չկա։ Ահա ժամանակակից տեղեկատվական տարածման առավել պարզ օրինակներից մեկը՝ չկա ոչ իրադարձություն, ոչ փոփոխություն, ընդհանրապես, ոչինչ չի կատարվում: Սակայն մեզ ցույց են տալիս դա, եւ մենք դա սպառում ենք որպես տեղեկատվություն։

Վիկտոր Սողոմոնյանը Վիկտոր Սողոմոնյանը

 

Այս շան անունը Բլից է, եւ այն որոշակի դեր է խաղում Մեծ Բրիտանիայի վարչապետի կյանքի մասին տեղեկատվություն ստանալու մեջ: Թերեզա Մեյն իր էջում գրում է, որ մի շան է հանդիպել, երբ առավոտյան զբոսնում է իր նստավայրի մոտ։ Ժամանակակից տեղեկատվության բնորոշ մեկ այլ օրինակ:

 

Նշանակությունների վերջավոր ոլորտները

 

Նշանակությունների վերջավոր ոլորտը մի գաղափար է, որը ХХ դարում ներկայացրել էր սոցիոլոգ Շյուլցը եւ զարգացրել էին նրա հետեւորդներ Բերգերը եւ Լուկմանը:

 

Թատրոնը նշանակությունների վերջավոր ոլորտի լավագույն օրինակն է: Պատկերացրեք, որ եկել եք թատրոն: Ի սկզբանե ունեք ներքին պատկերացում, թե ինչ է տեղի ունենալու բեմում: Դուք հասկանում եք, որ դա պայմանական է, որ ձեր առջեւ կերպարներ են, որոնք բեմից դուրս բոլորովին այլ մարդիկ են։ Այս պայմանականությունների շարքը գոյություն ունի մեր գիտակցության մեջ նախքան ներկայացման մեկնարկը: Նույնը վերաբերում է կինոյին:

 

Բայց, այնուամենայնիվ, դուք մտնում եք ապրումակցության որոշակի ռեժիմի մեջ, որը բնորոշ է նշանակությունների վերջավոր ոլորտներին։ Ինչո՞ւ են դրանք այդպես կոչվում: Քանի որ այս ոլորտում նշանակությունները չեն կարող դուրս գալ կոնկրետ համատեքստի շրջանակից:

 

Նկարահանեք այնքան, ինչքան ցանկանում եք

 

Սմարթֆոնում կա տեսախցիկ, որով դուք կարող եք լուսանկարել այնքան, որքան ցանկանում եք: Ժապավեն չկա, իսկ սմարթֆոնի հիշողությունը շուտ չի լցվի։ Նկարահանիր այն ամենն, ինչ սիրում ես։

 

Ֆեյսբուքը չունի սահմանափակում այն առումով, որ ինչ-որ բան կարեւոր է, իսկ ինչ-որ բան՝ ոչ, ինչ-որ մեկը կարեւոր է, իսկ ինչ-որ մեկը՝ ոչ, ինչ-որ մեկն ունի միջին կարողություններ, իսկ ինչ-որ մեկը հանճարեղ է, ինչ-որ մեկը, պայմանականորեն ասած, ունի երեք ձեռք, իսկ մյուսը հասարակ մարդ է:

 

Այդ ամենի հեղափոխականությունն ի սկզբանե չէր զգացվում: Ինչո՞ւ։ Նախ, սկզբում սոցիալական ցանցերն այլընտրանքային հասարակական տարածք չէին: Երկրորդը, հեռախոսով արված նկարը համարվում էր սիրողական մի բան, եւ ոչ ոք հատուկ ուշադրություն չէր դարձնում դրա վրա:

Լուսանկարը` Gustavo Pereira

Բայց հետո ոչ պաշտոնական եւ ճանաչված հանրային տիրույթների կոնվերգենցիա սկսվեց՝ սոցիալական ցանցերի եւ հեռուստատեսության, սոցիալական ցանցերի եւ թերթերի, այնուհետեւ տեղի ունեցավ միաձուլում: Եվ ինչ-որ մի պահի բոլորն ընդունեցին. այն, ինչ նկարահանված է հեռախոսով, արժանի է ուշադրության, եւ ֆեյսբուքում գրանցված ցանկացած մարդ իրավունք ունի դա անել: Իսկ եթե նա այնտեղ նաեւ ինչ-որ բան է գրում, կարող է անգամ հայտնվել հեռուստացույցում։

 

Այսպիսով, յուրաքանչյուր ոք այսօր ունի իր սեփական թատրոնը՝ բեմի եւ հանդիսատեսի հետ: Արեք այն, ինչ ուզում եք, խաղացեք ձեր ներկայացումներն, արտասանեք ձեր տեքստերը եւ ստացեք ծափահարություններ լայքերի տեսքով։

 

Նոր հրապարակայնություն

 

Մենք ստացանք նոր հրապարակայնություն: Նախկինում մենք որոշում էինք՝  հնարավո՞ր է հրապարակվել, ինչպե՞ս հրապարակվել, ինչպիսի՞ չափանիշների համապատասխանել: Իսկ այսօր մենք ապրում ենք ապակյա եւ լավ լուսավորված տան մեջ:

 

 

Հանա Արենդտն ասում էր, որ անձնական գաղտնիությունն ուրիշների առջեւ չբացահայտվածությունն է։ Մենք, ըստ էության, այդ չբացահայտվածությունն այլեւս չունենք։ Ինչ-որ մեկը տեսնում է, երբ եք վերջին անգամ եղել Վոթսափում, մեկ ուրիշը ստանում է հաղորդագրություն այն մասին, որ դուք արդեն կարդացել եք իր նամակը: Դուք դառնում եք հանրային մարդ միայն այն պատճառով, որ ունեք աքաունթ: Միակ «արժանիքը», որն անհրաժեշտ է այսօր, աքաունթն է սոցիալական ցանցում: Հանրային տիրույթը փլուզվել է, իսկ աքաունթ ունեցող մարդը դարձել է «ամեն ինչ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին