Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 10-ին հոդված էինք հրապարակել այն մասին, որ սեպտեմբերի 10-ից փորձում ենք պարզել, թե կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում եւ ուր են ուղղվել այդ միջոցները։
Նախորդ հրապարակման մեջ մանրամասնորեն ներկայացրել էինք ֆինանսների նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը եւ կառավարությանն ուղղված հարցումները եւ ստացված պատասխանները։
Առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով եւ պատասխանների բովանդակությամբ՝ որոշեցինք սպասել եւս մեկ ամիս։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն մեր հարցմանն ի պատասխան գրել էր․
«Ձեր 12.09.2018 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:
Իսկ կառավարությունից պատասխանել էին․
«Ի պատասխան Ձեր էլեկտրոնային գրության՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»:
30-օրյա ժամկետը լրանալուց հետո, սպասելով եւս երկու օր, նոյեմբերի 12-ին կառավարությանն ուղարկեցինք հետեւյալ նամակը․
«Սույն նամակով հիշեցնում ենք, որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար պահանջվող 30-օրյա ժամկետը սպառվել է նոյեմբերի 10-ին։ Կից կարող եք գտնել հարցումը եւ կառավարության վերջին պատասխանը»։
Նույնաբովանդակ նամակ նույն օրը՝ նոյեմբերի 12-ին, ուղարկվել է նաեւ ԱԱԾ-ին, թեեւ մեկամսյա ժամկետը սպառվել էր նոյեմբերի 3-ին․
«Սույն նամակով հիշեցնում ենք, որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար (համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի) 30-օրյա ժամկետը սպառվել է նոյեմբերի 3-ին։ Կից կարող եք գտնել հարցումը եւ ԱԱԾ-ի վերջին պատասխանը»։
Նամակներն ուղարկելուց հինգ օր անց՝ նոյեմբերի 16-ին, որեւէ պատասխան չենք ստացել։
Լուսին Մկրտչյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: