Բախումների կապակցությամբ «Լիդիանը» դիմելու է իրավապահներին - Mediamax.am

3893 դիտում

Բախումների կապակցությամբ «Լիդիանը» դիմելու է իրավապահներին


Լուսանկարը` «Լիդիան»


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 27-ին Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, Ամուլսարի հանքին հարակից տարածքներում միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները եւ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։ 

 

«Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, եւ ցանկացած իրավախախտման կտրվի իրավական գնահատական: Կողմերին կոչ ենք անում չսրել իրավիճակը, ինչպես եւ ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Փորձելով պարզել, թե ինչպիսի իրավական հետեւանքներ կարող են ունենալ երեկվա բախումները, Մեդիամաքսի թղթակիցը դիմել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանին։

 

Վերջինս պարզաբանել է, որ երեկ ընկերության աշխատակիցները՝ հիմնականում հարակից համայնքների բնակիչները, որոնք արդեն երկու ամսից ավելի զրկված են աշխատելու հնարավորությունից, մեծ խմբերով հավաքվել են, որպեսզի իրացնեն աշխատելու իրենց իրավունքը եւ մուտք գործեն «Լիդիանի» օրինական տարածք: 

 

«Մարդիկ բավական երկար են սպասել իրավապահ մարմինների գործողություններին, եւ քանի որ վերջիններս արդեն երկու ամիս որեւէ գործողություն չեն իրականացրել Ամուլսարի ապօրինի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ, նրանք ինքնուրույն որոշել են մուտք գործել տարածք»,- նշեց Մելքումյանը: 

 

Ըստ իրավաբանի, ցուցարարները, հավանաբար տեսնելով, որ Ամուլսարի կողմնակիցները թվաքանակով ավելի շատ են եւ կարող են մուտք գործել տարածք, անցել են «ակնհայտ հարձակվողական, ապօրինի գործողությունների՝ քարեր նետելով «Լիդիանի» աշխատակիցների ու կողմնակիցների ուղղությամբ: Նրանք նաեւ ֆիզիկական բռնություն են կիրառել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով «Լիդիանի» աշխատակիցներին»: 

 

Մելքումյանի գնահատմամբ, ցուցարարների գործողությունները կրել են ակնհայտ հակաիրավական ու ագրեսիվ բնույթ եւ այլեւս որեւէ աղերս չունեն քաղաքացիական շարժման հետ: «Սա ակնհայտ բանդիտիզմ է»,- ասել է իրավաբանը: 

 

Նա շեշտել է, որ «Լիդիանը» անպայման դիմելու է համապատասխան քայլերի՝ պահանջելով իրավապահ մարմինների անհապաղ գործողություններ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին