Արա Վարդանյանը ներկայացրել իր հրաժարականի դիմումը - Mediamax.am

4083 դիտում

Արա Վարդանյանը ներկայացրել իր հրաժարականի դիմումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 9-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:

 

Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:

 

««Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծննդից ի վեր Հիմնադրամը կարեւոր եւ օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային եւ հոգեւոր կառույցների, բարերարների եւ հարյուր հազարավոր անհատների: Ուստի, Հիմնադրամը դեռեւս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կյանքում:

 

Սակայն պարզ է նաեւ, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական եւ կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը եւ կշիռը:

 

Եվ իզուր չէ, որ նախագահը Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ս.թ. մայիսի 25-ի նիստի ժամանակ երեք ամիս ժամանակ էր տվել ներկայացնելու Հիմնադրամի արմատական բարեփոխումների առաջարկներ:

 

Ըստ այդմ, նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը եւ դրանից դուրս կգա նորացված՝ արժանի Նոր Հայաստանի ձգտումներին եւ մարտահրավերներին», - ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Հուլիսի 10-ի առավոտյան «Հայաստան» հիմնադրամի մամուլի ծառայությունը ներկայացրել է Արա Վարդանյանի ուղերձը, որի մեջ ասված է.

 

«Սիրելի´ հայրենակիցներ,

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը եւ բարի համբավը վեր է ամեն ինչից, որեւէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը:  Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է:

 

Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:

 

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու եւ խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են եւ ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում եւ Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ եւ Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին