Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում այսօր բացվել է ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ կիսանդրու հեղինակը Աշոտ Թադեւոսյանն է:
«Կուրսկի ճակատամարտից մինչեւ Բեռլինի ճակատամարտ հայ ժողովրդի մեծ զավակը դրսեւորել է նվիրվածություն եւ հերոսություն, դարձել Մեծ Հայրենականի զրահատանկային լավագույն հրամանատարներից մեկը: Բաբաջանյանը կռվել է սուվորովյան ոճով, ոչ թե թվաքանակով՝ այլ խելքով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այն, որ այս թանգարանում բացվում է մարշալ Բաբաջանյանի հուշարձանը եւ նախորդ տարվա ընթացքում այստեղ տեղադրվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին՝ վկայում է, որ Հայաստաննն ու Ռուսաստանը նրանց մասին հիշողությունը փոխանցում են սերնդեսերունդ:
«Մեծ Հայրենականը եղել է ծանր փորձություն Խորհրդային միության ազգերի համար, այդ թվում՝ հայ ժողովրդի: Ճակատից չի վերադարձել բանակ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայ, այդ թվում՝ իմ պապը, ում անունն ու ազգանունը կրում եմ: Մեր պարտքն է՝ պահպանել եւ երիտասարդ սերունդներին փոխանցել այդ աննկարագրելի հերոսության մասին պատմությունը»,- ասել է վարչապետը:
ՌԴ այցի շրջանակում ՀՀ վարչապետն ավելի վաղ այցելել էր նաեւ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:
Նա շրջայց էր կատարել Տապան թանգարանում, այցելել եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: