Սերժ Թանգյանը՝ SOAD-ի նոր ալբոմի եւ վերնագրերն ատելու մասին - Mediamax.am

10751 դիտում

Սերժ Թանգյանը՝ SOAD-ի նոր ալբոմի եւ վերնագրերն ատելու մասին


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Mel Melcon/ Los Angeles Times

Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Shayan Asgharnia


System of a Down ռոք-խմբի երգիչ Սերժ Թանգյանը հարցազրույց է տվել Rolling Stone պարբերականին, որում խոսել է իր ստեղծագործական կյանքի, ինչպես նաեւ SOAD-ներկայի եւ ապագայի մասին: Մեդիամաքսն առանձնացրել է հարցազրույցի որոշ ուշագրավ հատվածներ:

 

System of a Down-ի նոր ալբոմի մասին

 

Մենք քննարկել ենք նոր ալբոմի հարցը եւ երգեր ենք փորձել, բայց դեռ չենք եկել հստակ որոշման, թե ինչպես ամեն ինչ կազմակերպել, որպեսզի կարողանանք առաջ շարժվել:

 

Խմբի ներսում հարաբերությունների մասին

 

Երբ մարդիկ նոր ձայնագրություն չեն տեսնում, նրանք մեր հարաբերությունների մասին ամենավատ ենթադրություններն են անում: Բայց ճշմարտությունն այն է, որ մենք, ըստ էության, ավելի լավ ընկերներ ենք դարձել: Բոլորի հետ իմ ընկերությունն հիմա ավելի լավն է, քան նախկինում էր: Բայց, երբեմն, միասին ձայնագրություն անելը եւ ստեղծագործական արդյունքի շուրջ մոտեցումները տարբեր են չորս տարբեր մարդկանց գլխում: Միշտ չէ, որ հնարավոր է միավորվել դրանք: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ինչպես էլ կոչեք, դա է ճշմարտությունը: 

 

Վերնագրերի մասին

 

Բոլորը վերնագրեր են փնտրում: Ես ատում եմ դա: Ատում եմ, երբ ինչ-որ բան են վերցնում եւ պարզապես առաջնորդվում դրանով: Առանց ճշտելու մի վերցրեք հարցազրույց, որն արվել է 5 ամիս առաջ եւ թարգմանվել է ռուսերենից:

Սերժ Թանգյանը Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Shayan Asgharnia

Գրելու եւ կարդալու մասին

 

Ես սկսեցի երաժշտությամբ զբաղվել ավելի շատ որպես պոետ: Բանաստեղծությունների երկու գիրք էի գրել եւ երբ սկսում էի, հիմնականում, լիրիկ էի: Կիթառ եւ դաշնամուր մի քիչ նվագում էի, բայց երեւելի երգահան չէի: 

 

Կար ժամանակ, երբ գրեթե ամեն գիշեր գրում էի: Նոթատետրը միշտ մահճակալիս մոտ էր, որպեսզի նոր մտքերի գալուն պես կարողանայի գրել: Բայց տարիներ շարունակ ես դա չեմ անում: Չեմ կարող բացատրել, թե ինչու: Հավանաբար, բառերը խուսափում են ինձանից: Կարծում եմ՝ կյանքի տարբեր ժամանակահատվածներում մեզ տարբեր բաներ են ոգեւորում, բայց ես միշտ ցանկացել եմ հետաքրքիր գիրք գրել, այնպես որ, մի օր ես կվերադառնամ բառերին:

 

Դրա մի մասն էլ կարդալն է: Երբ դու կարդում ես, ավելի շատ ես գրում: Ես շատ չեմ կարդում, քանի որ մեծ քանակով երաժշտություն եմ ստեղծում եւ ժամանակը չի բավականացնում: Բացի այդ, երբ երեխա ունես, քիչ ժամանակ է մնում մնացած բաների համար:

 

Երբ ասում եմ, որ չեմ կարդում, նկատի չունեմ, որ ընդհանրապես ոչինչ չեմ կարդում:  Շատ նորություններ եմ կարդում, պարզապես չեմ կարդում այնքան շատ գրքեր, որքան նախկինում: Երբ դու գրում ես, պետք է միշտ կարդաս, քանի որ դա համալրում է բառերի քո «զինապահեստը»:

 

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին