Սարոյանը, նրա զարմիկը, Քլունիի հորաքույրը եւ Չապլինի սիրած երգը - Mediamax.am

exclusive
20334 դիտում

Սարոյանը, նրա զարմիկը, Քլունիի հորաքույրը եւ Չապլինի սիրած երգը


Ռոզմարի Քլունին, նրա ամուսին Դանտե ԴիՊաոլոն, Ջորջ Քլունին՝ իր ընկերուհի Սելին Բելտրանի հետ 1998 թվականին
Ռոզմարի Քլունին, նրա ամուսին Դանտե ԴիՊաոլոն, Ջորջ Քլունին՝ իր ընկերուհի Սելին Բելտրանի հետ 1998 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ռոզմարի Քլունին
Ռոզմարի Քլունին
Ջորջ եւ Նիկ Քլունիները 2002 թվականին՝ Ռոզմարի Քլունիի հիշատակին համերգին
Ջորջ եւ Նիկ Քլունիները 2002 թվականին՝ Ռոզմարի Քլունիի հիշատակին համերգին

Լուսանկարը` REUTERS

Ռոզմարի Քլունին
Ռոզմարի Քլունին

Լուսանկարը` REUTERS

Ռոսս Բաղդասարյանը` իր ստեղծած կերպարների հետ
Ռոսս Բաղդասարյանը` իր ստեղծած կերպարների հետ
Երիտասարդ Վիլյամ Սարոյանը
Երիտասարդ Վիլյամ Սարոյանը
Թոնի Բենեթը եւ Ռոզմարի Քլունին 2000 թվականին
Թոնի Բենեթը եւ Ռոզմարի Քլունին 2000 թվականին

Լուսանկարը` REUTERS


Երբ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը եւ նրա զարմիկ Ռոսս Բաղդասարյանը «Քո կյանքի ժամերը» ներկայացման հյուրախաղերի ժամանակ Նյու Մեքսիկո ուղեւորվող ավտոբուսի մեջ գրում էին «Եկ իմ տուն» երգը, 10-ամյա Ռոզմարի Քլունին չէր էլ կարող պատկերացնել, որ հենց այդ պահին ստեղծվում է մի երգ, որի շնորհիվ 12 տարի անց նա դառնալու է հանրահայտ երգչուհի:

 

Տարիներ անց Ռոսսը պետք է հիշի, որ ճանապարհն անհարթ էր, ավտոբուսն՝ անսարք, վարորդը քշում էր շատ վատ, եւ անընդհատ դղրդացող մեքենայի մեջ երգ ստեղծելը շատ նյարդայնացնող էր` հատկապես Վիլյամի համար: Նրանք նույնպես  չէին կարող պատկերացնել, որ հենց այդ պահին ստեղծում են Ամերիկայի երաժշտական պատմության ամենահայտնի հիթերից մեկը: Այդ ժամանակ նրանց պարզապես անհրաժեշտ էր գրել երգ, որը կհնչի Սարոյանի մեկ այլ պիեսի բեմադրության ժամանակ: Նրանք առանձնապես հատուկ ուշադրություն չէին էլ դարձնում ոչ խոսքերին, որի հեղինակը Սարոյանն էր, ոչ էլ երաժշտությանը, որը ստեղծում էր Ռոսսը: Երկուսն էլ գրում էին իրենց մտքի եկածն ու սրտի զգացածը: Հավանաբար, հենց այդ անկեղծության շնորհիվ երգն այդքան սիրեցին միլիոնավոր մարդիկ:

Երիտասարդ Վիլյամ Սարոյանը Երիտասարդ Վիլյամ Սարոյանը

 

Առաջինը երգը կատարեցին հենց հեղինակները: Այդ տարբերակը պահպանվել է մինչ օրս, այն հասանելի է Յութուբում:

 

 

Սարոյանի ձայնով հնչում է երգի ներածական հատվածը, որտեղ նա պատմում է, թե ինչպես մի անգամ աշխատանքից վերադարձող գաղթական տղան տեսավ գեղեցիկ աղջկա, սիրահարվեց եւ ցանկացավ ամուսնանալ նրա հետ: Եվ ինչպես Սարոյանն է նշում. «…նա ասաց աղջկան սովորական խոսքերը հիասքանչ ձեւով»: Այս հատվածին հաջորդում է Ռոսսի երաժշտական կատարումը:

 

Այս ձեւով երգն առաջին անգամ հնչեց 1950 թվականին «Որդին» բրոդվեյան ներկայացման ժամանակ: Այն լսեց հայտնի երաժշտական պրոդյուսեր, դիրիժոր Միտչ Միլերը եւ շատ հավանեց: Նա նաեւ «Քալամբիա ռեքորդսի» ղեկավարներից էր, որի հետ պայմանագիր ուներ 22-ամյա Ռոզմարի Քլունին: Միլերը կարծեց, որ Ռոզմարին լավագույնս կկատարի այն: Սակայն, ի զարմանս նրա, երիտասարդ երգչուհին հրաժարվեց երգել այդ ստեղծագործությունը:

Ռոզմարի Քլունին Ռոզմարի Քլունին

Լուսանկարը` REUTERS

Աղջկան դուր չէր գալիս, որ Միլերը նրան ստիպում էր երգը կատարել իտալական երգեցողությանը բնորոշ մելիզմատիկայով եւ առոգանությամբ: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու հայերի գրած երգը, որը կատարում է իռլանդուհին եւ որի երաժշտական պրոդյուսերը հրեա է, պետք է հնչի իտալական ոճով: Այնուամենայնիվ, մեկ տարի անց Ռոզմարին ձայնագրեց այդ երգը, քանի որ այլ տարբերակ չուներ: «Քոլամբիա ռեքորդսը» նրան վերջնագիր էր ներկայացրել. «Կա՛մ երգում ես, կա՛մ հեռանում»: Իսկ հեռանալ նա չէր կարող, որովհետեւ այդ պայմանագրի շնորհիվ նա եւ քույրը` Բեթթին փրկվել էին աղքատությունից: Երբ նա 13 տարեկան էր, ծնողները բաժանվեցին: Մայրը վերցրեց որդուն` Նիկին` ապագա հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի հորը, եւ տեղափոխվեց  Կալիֆոռնիա, իսկ աղջիկները մնացին հոր հետ: Օրերից մի օր նրանց հայրը վերցրեց  տանն եղած ողջ գումարը, դուրս եկավ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը եւ այլեւս չվերադարձավ: 16 տարեկան Ռոզմարին եւ 15-ամյա Բեթթին մնացին միայնակ: Ինչպես երգչուհին է իր հուշերում նշում. «Մենք հանձնվեցինք ինքներս մեր խնամքին»:

 

Առանց ծնողների մնացած աղջիկները սկզբում դժվարությամբ աշխատում էին գործարանում, հետո բախտը նրանց ժպտաց, եւ սկսվեց երաժշտական կարիերան: Երկուսի համար էլ այն առաջին հերթին ապրելու միջոց էր:

 

Չնայած որոշ հաջողություններին՝ դուետով եւ առանձին-առանձին հանդես եկող աղջիկներին դեռեւս քչերն էին ճանաչում: Ռոզմարիի կյանքն ամբողջությամբ փոխեց «Եկ իմ տուն» (Come On-a My House) երգի կատարումը:

 

 

Երգը ռադիոյով հնչելուց մեկ օր անց այն արդեն բացարձակ հիթ էր ողջ երկրում: Հնարավոր բոլոր հիթ-շքերթներում եւ բիլբորդներում երգն ամիսներ շարունակ առաջին տեղում էր: Հետո էլ մի քանի տարի շարունակ առաջին հորիզոնականներում էր: Ռոզմարին անմիջապես դարձավ ամենապահանջված աստղերից մեկը, ինչպես ինքն է նշում. «Քնեց սովորական Ռոզին, զարթնեց աստղը»: Իսկ տարիներ անց իր հուշերում պիտի գրի. «Սարսափելի է մտածել, թե ինչ կլիներ, եթե ես չձայնագրեի այդ երգը: Ես չէի ուզում երգել, եւ մինչեւ հիմա, երբ լսում եմ այն, զայրույթ եմ զգում իմ կատարման մեջ: Ես շատ երիտասարդ էի հասկանալու համար, որ այդ երգը «քայլող» հաղթանակ է»:

Ռոզմարի Քլունին Ռոզմարի Քլունին

 

Երբ երգը դարձավ հիթ, նրա ստեղծման աղբյուրների մասին տարբեր կարծիքներ հնչեցին: Ըստ դրանցից մեկի, երգը ոգեշնչված է Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի  բովանդակությունից եւ երկխոսություններից, սակայն երգում տղան հրավիրում է աղջկան իր տուն` առաջարկելով կոնֆետ, ընկույզ, սալոր, խնձոր, ծիրան, խաղող, խմորեղեն, քաղցրավենիք, զանազան բարիքներ, վերջում էլ՝ մատանի, իսկ ամենավերջում առաջարկում է դառնալ իր կինը: Երգի իմաստի եւ «Մարդկային կատակերգություն » վեպի բովանդակության մեջ դժվար է ամուր կապ գտնել: Ավելի հավանական է թվում մյուս վարկածը, ըստ որի հեղինակներն ազդվել են հայկական ժողովրդական հին երգից: Եվ իսկապես՝ երգում պատկերվում է հայերին բնորոշ հյուրասիրությունն ու առատաձեռնությունը: Ռոզմարին հավատարիմ էր մնացել Ռոսս Բաղդասարյանի երաժշտական մեկնաբանությանը: Փոխել էր միայն մեկ բան: Երգի օրիգինալ տարբերակի վերջում «…Դարձի՛ր իմ կինը» տողը փոխարինել էր «… Ես քեզ կտամ ամեն ինչ» տողով:

 

Սարոյանն արդեն Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկն էր, այնպես որ երգը կոնկրետ նրան հաճելի զգացողություններից եւ հեղինակային իրավունքից ստացված գումարներից բացի ուրիշ ոչինչ չբերեց, իսկ ահա նրա զարմիկի դեպքում որոշ չափով շրջադարձային դարձավ: Առհասարակ, Ռոսս Բաղդասարյանը, նույն ինքը՝ Ռոստոմ Սիփանը, նույն ինքը՝ Դեյվիդ Սեւիլը ԱՄՆ-ի ամենահայտնի հեռուստադեմքերից եւ երաժիշտներից էր: Դաշնակահար, երաժիշտ, երգիչ եւ դերասան Ռոսս Բաղդասարյանը նկարահանվել է Ալֆրեդ Հիչքոքի «Հետեւի պատուհանը» եւ հեռուստատեսային ու գեղարվեստական այլ ֆիլմերում, խաղացել Բրոդվեյում, արժանացել է երեք Գրեմմի մրցանակի, իսկ նրա ստեղծած «Էլվինը եւ շերտավոր  սկյուռիկները» կերպարները լրիվ ուրիշ պատմություն են:

Ռոսս Բաղդասարյանը` իր ստեղծած կերպարների հետ Ռոսս Բաղդասարյանը` իր ստեղծած կերպարների հետ

 

Բայց մինչ նրանց անդրադառնալը անհրաժեշտ է խոսել մոնտաժի այն յուրահատուկ տեխնիկայի մասին, որը ստեղծել է Ռոսսը: Նա ձայնի ընդունման եւ վերարտադրման արագությունների տարբերության եւ փոփոխության շնորհիվ կարողացավ ստանալ ձայնի տատանվող բարձր տեմբր: Հենց այդ հայտնագործությունը հիմք դարձավ ժամանակակից, նորագույն ձայնային եւ մոնտաժային հնարքների ստեղծմանը: Մինչ Ռոսսը շատերը` անգամ Ուոլթ Դիսնեյը, փորձել էին ձայնի արագությունների տարբերություն ստանալ, սակայն երկար եւ արագ խոսակցություններն անհնար էր լինում այդ ձեւով վերարտադրել: Ռոսսը ձայնագրման պրոցեսին կցեց նաեւ ձայներիզային սարքեր, որոնց շնորհիվ արդեն հնարավոր եղավ ամենաբարձր օկտավաներն անգամ մաքուր վերարտադրել ինչպես երգի, այնպես էլ խոսակցային ձայնագրությունների դեպքում:

 

Այդ ձեւով նա ձայնագրեց մի քանի երգեր, որոնք բոլորն էլ սիրվեցին, սակայն ճանաչում նրան եւ նրա ստեղծած տեխնիկային բերեցին վերը նշված «Էլվինը եւ շերտավոր  սկյուռիկները» հեքիաթային կերպարները:

 

1958 թ-ին նա ձայնագրեց «Շերտավոր սկյուռի երգը» ստեղծագործությունը, որը հենց նույն տարում վաճառվեց  3,5 միլիոն օրինակով: Բոլոր երեք սկյուռիկների ձայներով երգում էր Ռոսսը: Այդ երգին հաջորդեցին «սկյուռիկների կատարմամբ» այլ երգեր, որոնք հետո դառնում էին ձայնասկավառակներ, եւ բոլորն էլ սիրվում էին անմիջապես: Սկյուռիկների կերպարներով ստեղծվեցին շոուներ, մուլտֆիլմեր, ներկայացումներ, նրանք սկսեցին հանդես գալ հյուրախաղերով: Ըստ էության, դա առաջին անիմացիոն երաժշտական խումբն էր, որի գործունեությունը սկսվեց 1958 թվականին եւ շարունակվում է մինչ մեր օրերը` բոլորովին չկորցնելով իր հետաքրքրությունը: 1972 թվականին՝ Ռոսսի մահից հետո նրա գործը շարունակեց որդին` Ռոսս Բաղդասարյան-կրտսերը: 2007 թվականին որդին հոր հիշատակին նկարահանեց ֆիլմ, որի վերջում գրված էր. «Այս ֆիլմը նվիրվում է Ռոսս Բաղդասարյանին, որը բավականին խենթ էր, որպեսզի 50 տարի առաջ ստեղծեր երգող շերտավոր սկյուռիկների»:

 

Հետաքրքիր եւ բուռն կյանք ապրեց նաեւ Ռոզմարի Քլունին: «Ե՛կ իմ տուն» երգի հաղթանակից հետո նա հաջողությունների պակաս չունեցավ: Մեկը մյուսի հետեւից ձայնագրեց հիթային երգեր, նկարահանվեց բազմաթիվ հեռուստատեսային շոուներում եւ ֆիլմերում, գրեց երկու ինքնակենսագրական գիրք եւ մինչեւ կյանքի վերջ շնորհակալ եղավ Ռոսսին եւ Վիլլին:

Թոնի Բենեթը եւ Ռոզմարի Քլունին 2000 թվականին Թոնի Բենեթը եւ Ռոզմարի Քլունին 2000 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ոչ պակաս հետաքրքիր էր նաեւ նրա անձնական կյանքը: Նա երկու անգամ ամուսնացավ նույն մարդու` հոլիվուդյան հայտնի պուերտոռիկացի դերասան Ժոզե Ֆերերի հետ: Նրանք 5 երեխա ունեցան եւ վերջնականապես բաժանվեցին 1967 թվականին՝ Ռոզմարին ամուսնու դավաճանությունն երկրորդ անգամ ներել չկարողացավ: 60-ականների երկրորդ կեսը ողբերգական էր երգչուհու համար: 1968 թվականին նրա աչքի առջեւ սպանեցին նախագահի թեկնածու, նրա մտերիմ ընկեր Ռոբերտ Քենեդուն: Ռոզմարին դրանից հետո ընկավ նյարդային ցնցման մեջ, թողեց մասնագիտական կարիերան եւ հոսպիտալացվեց: Հաղթահարելով նյարդային ցնցումը` Ռոզմարին պատրաստվում էր ձայնագրել նոր երգեր, սակայն այս անգամ վրա հասավ ընտանեկան ողբերգությունը: Ուղեղի անոթների լայնացման պատճառով 47 տարեկանում մահացավ քույրը` Բեթթին: Այս անգամ կորուստն ավելի անձնական ու ծանր էր, սակայն այն նույնպես ժամանակի ընթացքում  հաղթահարվեց: Հենց այդ շրջանում նա գրեց առաջին ինքնակենսագրական գիրքը: 1983 թվականին նա եւ եղբայրը` հիմա արդեն հայտնի լրագրող, մեդիադեմք Նիկ Քլունին, որն ակտիվորեն մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր միջոցառումների, ստեղծեցին իրենց քրոջ հիշատակին նվիրված բարեգործական հիմնադրամ:

 

80-ականներին եւ 90-ականների սկզբին Ռոզմարին ավելի ակտիվ էր հեռուստատեսությունում: 1997 թվականին նա ամուսնացավ իր վաղեմի ընկերոջ` Դանտե Դի Պաոլոյի հետ: Նրա վերջին երգը 2001 թվականին ձայնագրած «Աստված օրհնի Ամերիկային» ստեղծագործությունն էր: Մեկ տարի անց նա մահացավ թոքերի քաղցկեղից:

Ջորջ եւ Նիկ Քլունիները 2002 թվականին՝ Ռոզմարի Քլունիի հիշատակին համերգին Ջորջ եւ Նիկ Քլունիները 2002 թվականին՝ Ռոզմարի Քլունիի հիշատակին համերգին

Լուսանկարը` REUTERS

Այս լեգենդար երգի երրորդ եւ ամենահանրահայտ «մեղավորի»` Վիլյամ Սարոյանի մասին խոսելու հարկ թերեւս չկա: Բոլորին են հայտնի Պուլիցերյան մրցանակակիր տաքարյուն գրողի կենսագրությունն ու ստեղծագործությունները: Սարոյանը երգի խոսքեր այլեւս չգրեց, դա նրան չէր հետաքրքրում, փոխարենը շարունակեց ստեղծել մնայուն գրական գործեր, որոնք մինչ օրս էլ չեն իջնում համաշխարհային բեմերից: Սարոյանն այսօր էլ մնում է ամենաշատ բեմադրվող հեղինակներից մեկը: Ռոզմարի Քլունին իր եւ Սարոյանի նմանությունների մասին սիրում էր կատակել. «Ես եւ Վիլլին երկու անգամ ամուսնացել ենք միեւնույն մարդու հետ: Ինչպիսի հիմարություն Վիլլիի եւ Ռոզիի կողմից»: Երգի հետ կապված Սարոյանին դուր էր եկել միայն այն փաստը, որ դա Չապլինի սիրած երգն է, եւ մեծ դերասանը, երբ տխուր է լինում, հաճախ լսում է  «Ե՛կ իմ տունը»:

 

Մենք խոսեցինք երգի հեղինակների եւ կատարողի մասին, սակայն չանդրադարձանք դրա հետագա ճակատագրին: Իսկ այն ոչ պակաս հետաքրքիր է…  Ռոզմարիից հետո այն երգեցին բազմաթիվ երգիչներ: «Ե՛կ իմ տունն» ունեցել է տասնյակ քավերներ` տարբեր լեզուներով (նույնիսկ ճապոներեն եւ իսպաներեն), որոնց մեջ եղել են շատ նշանակալի կատարումներ: Դրանցից էր Էլլա Ֆիցջերալդի կատարումը, որը կրկնեց երգի օրիգինալ տարբերակի հաջողությունը` դառնալով բացարձակ հիթ:

 

 

Հետագայում այն երգեցին էլի շատ հայտնի անուններ` Սելիա Կրուզ, Լուի Պրիմա, Դելլա Ռիզ եւ այլք: 2002 թվականին Մադոննան այն երգեց Գայ Ռիչիի «Քշվածները» ֆիլմում:

 

 

Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր տարի ինչ-որ մի հայտնի դեմք երգում է այս երգի քավեր տարբերակը: Հայկական մոտիվներով այս երգն, ըստ էության, չի ծերանում: Մի քանի տասնյակ տարին քիչ ժամկետ չէ:

 

1939 թվականին Նյու Մեխիկո ուղեւորվող, դղրդացող ավտոբուսի մեջ, հյուրախաղերից հոգնած, իրենց ազգային տարրերով համեմված երգ գրող Վիլյամ Սարոյանն ու Ռոսս Բաղդասարյանը չէին էլ կարող պատկերացնել, որ հենց այդ պահին ստեղծում են մի երգ, որը հետագայում կատարելու են աշխարհահռչակ աստղեր եւ որը 78 տարի անընդմեջ շարունակելու է մնալ հիթային:

 

Սոսսի Խանիկյան

 

Հոդվածում օգտագործվել են հետեւյալ աղբյուրները․

Rosemary Clooney, Raymond Strait, “This For Remeberance”, Playboy Press, 1st edition 1977.

Rosemary Clooney,  Joan Barthel, “Girl Singer: An Autobiography”, Three Rivers Press, Reprint edition, 2001.

Ken Crossland, Malcolm Macfarlane, “Late Life Jazz: The Life and Career of Rosemary Clooney”, New York : Oxford University Press, 2014.

Leo Hamalian, “William Saroyan: The Man and the Writer Remembered”, Rutherford: Fairleigh Dickinson University Press// London : Associated University Presses, 1987

Aram Saroyan, “Trio: Oona Chaplin, Carol Matthau, Gloria Vanderbilt : Portrait of an Intimate Friendship”, Sidgwick & Jackson, 1985.

Nick Talevski, “Rock Obituaries - Knocking On Heaven's Door”, London : Omnibus, 2010.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին