Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու «Պահապան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանն այսօր հուշագիր են ստորագրել՝ ուղղված սահմանամերձ համայնքների անվտանգության ամրապնդմանը:
Կողմերը «Խաղաթաքստոց» ծրագրի շրջանակում կվերանորոգեն Տավուշի մարզի համայնքներում՝ դպրոցների ու մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցները:
ԱԻՆ-ը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն թաքստոցների շահագործման վերաբերյալ, իսկ հիմնադրամը կիրականացնի դրանց նորոգումն ու կահավորումը:
Թաքստոցները կահավորված կլինեն խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով եւ հեռուստացույցով, ինչը հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում:
Նման թաքստոց արդեն կառուցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
«Խաղաթաքստոց» ծրագրի շրջանակում «Պահապան»-ը նախաձեռնել է նաեւ մասնավոր սեկտորի ներգրավումը գործընթացում: «Օգնիր կառուցել հաջորդը» կարգախոսի ներքո միավորվելու են Երեւանում գործող շուրջ 20 սրճարաններ, որոնց հաճախորդները հնարավորություն կստանան իրենց ներդրումն անել սահմանամերձ համայնքներում երեխաների անվտանգ ներկայի ապահովման հարցում:



















