Անհապաղ փոփոխությունների կարիք կա, ասել է Արսինե Խանջյանը - Mediamax.am

10070 դիտում

Անհապաղ փոփոխությունների կարիք կա, ասել է Արսինե Խանջյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: System of a Down ռոք-խմբի երգիչ եւ հասարակական գործիչ Սերժ Թանգյանն այսօր ասել է, որ սփյուռքահայությունը չպետք է անջատված լինի Հայաստանի իրադարձություններից:

Այս մասին նա ասել է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հետագա քայլերին նվիրված քննարկման ժամանակ:

 

Սերժ Թանգյանը, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ նշանավոր այլ գործիչներ սեպտեմբերին նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։

 

«Մեր ամենամեծ մարտահրավերը սփյուռքահայությանը հայաստանյան զարգացումներին մաս դարձնելն է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ Հայաստանից երիտասարդությունը չարտագաղթի»,- ասել է Սերժ Թանգյանը:

 

Հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանում նոր համերգի կազմակերպում՝ համախմբման կոչով, Սերժ Թանգյանը պատասխանել է. «Ամեն ինչ կարելի է: Մի բան պետք է մտածենք: Ներշնչանք է պետք»:

 

Երաժիշտը հայտնել է, որ 2017թ․ ապրիլին ինքը լինելու է Հայաստանում՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար:

Սփյուռքը պե՞տք է ակտիվ ներգրավվի Հայաստանի ներքին կյանքին:

Արսինե Խանջյանն էլ ասել է, որ «Հայաստանում տեղի ունեցող զարգացումները տարեցտարի ավելի մտահոգիչ են դառնում, ինչը Սփյուռքին ստիպել է վերագնահատել Հայաստանի հանդեպ վերաբերմունքը»:

«Ապրիլյան պատերազմը մեզ ստիպեց վերագնահատել Հայաստանի հանդեպ մեր վերաբերմունքը, քանի որ Հայաստանի ներկան այլեւս գնահատվում է սահմանին կանգնած տղաների կյանքի գնով»,- ասել է Արսինե Խանջյանը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանում անհապաղ փոփոխությունների կարիք կա, ինչը պետք է սկսել ընտրական գործընթացին ակտիվ ներգրավվածությամբ:

 

«Մենք նախաձեռնել ենք նաեւ դիտորդական առաքելություն, որը նպատակ ունի սփյուռքահայերին մասնակից դարձնել Հայաստանի քաղաքական գործընթացներին»,- հայտնել է նա:

 

Ատոմ Էգոյանն էլ նշել է, որ «հայ ժողովուրդը պետք է հասկանա իր ձայնի կարեւորությունը»:

 

«Սա վճռական պահ է, եւ կատարվող իրադարձությունները պետք է լուրջ ընդունենք»,- ասել է ռեժիսորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին