Մեդիամաքսը Երվանդ Քոչարի թանգարանում պարզել է, թե ինչպես է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչը ծնունդ տվել «Զվարթնոցի արծիվը» ուղենշան-կոթողին եւ «Վարդան Մամիկոնյան» արձանին:
Զվարթնոցի արծիվը
«Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ ուղենշան-կոթողը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան) Երվանդ Քոչարը 1955թ.-ին է կերտել: Քանդակի ստեղծման ընթացքը սեփական աչքերով տեսել ու հետո այդ մասին պատմել է ԽՍՀՄ եւ Վրաստանի վաստակավոր նկարիչ, հայտնի կավագործ Լեւոն Օսիպովը:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Կարինե Քոչարն այս ամռանը հանդիպել է Լեւոն Օսիպովին, ում նկարիչ դառնալու ճանապարհն անցել է Հայաստանով, իսկ այդ ճանապարհին է եղել Երվանդ Քոչարը:
Գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվելու նպատակով Հայաստան ժամանած 17-ամյա Լեւոն Օսիպովի նկարչական գործերն առանձնապես չէին փայլում: Երիտասարդին ինստիտուտի այն ժամանակվա ռեկտոր Արա Սարգսյանը խորհուրդ է տալիս այլ ուսումնական հաստատություն դիմել:
Լեւոն Օսիպովը հիասթափված դուրս է գալիս ռեկտորի սենյակից եւ գնում է Մատենադարան: Մի քանի ժամ Մատենադարանի գանձերը դիտելուց հետո, որոշում է քայլել երեւանյան փողոցներով ու հասնում Բաղրամյան պողոտա: Մեծ ապակե դռներից այն կողմ տեսնում է, թե ինչպես է իր արվեստանոցում արծվի քանդակի վրա աշխատում մի քանդակագործ:
Դեռ կիսավարտ քանդակը միանգամից ձգում է Լեւոն Օսիպովին: «Հավանո՞ւմ ես»,- հարցնում է վարպետը: Նրանք զրույցի են բռնվում եւ Լեւոն Օսիպովը պատմում է մի քանի ժամ առաջ ինստիտուտում տեղի ունեցածը:
«Կկարողանա՞ս այսպիսի արծիվ կերտել»,- հանկարծ հարցնում է վարպետը: Լեւոն Օսիպովը վստահ ասում է՝ «այո»:
Հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 10-ին, Լեւոնը քանդակագործի արվեստանոցում էր: Նա ցույց է տալիս կավի մեծ կտորն ու պատվանդանը, որի վրա Լեւոնը կավից արծիվ պետք է ստանար: «Դե, փորձիր ուժերդ»,-ասում է վարպետն ու կրկին անցնում գործի:
Լեւոնը սկսում է աշխատել: Ժամեր անց նա ուսուցչի դատին է հանձնում արծվի փոքրիկ քանդակը:
Ուշադրությամբ զննելով բոլոր կողմերից՝ քանդակագործը ձեռքը մեկնում է Լեւոնին ու ասում. «Այսօրվանից կարող ես ինձ «վարպետ» կոչել»: Նա խնդրում է գալ նաեւ հաջորդ օրը եւ օգնել աշխատել մեկ այլ քանդակի վրա:
Լուսանկարը` Ե. Քոչարի թանգարանի արխիվից
Հաջորդ օրը վարպետը գալիս է ուղիղ կեսօրին: Հագին շքեղ ճերմակ կոստյում էր, այն ժամանակ մոդայիկ սպիտակ գլխարկ եւ նույնքան սպիտակ կոշիկներ: Հագնում է աշխատանքային հագուստն ու անցնում գործի: Վարպետը Լեւոնին հորդորում է հաջորդ օրը գնալ ինստիտուտ ու մասնակցել քննությանը, ապա խորասուզվում է աշխատանքի մեջ: Երիտասարդը հետո է միայն իմանում, որ նման շքեղ հանդերձանքով վարպետն այցելել էր համալսարանի ռեկտորին, որի հետ այդքան էլ ջերմ հարաբերություններ չուներ:
Այս ամենը չիմանալով՝ Լեւոնը հաջորդ առավոտյան ներկայանում է քննության: Նրա առաջ դնում են գիպսե մի գլուխ ու հանձնարարում նույնը քանդակել կավից: Լեւոնը կատարում է առաջադրանքն ու հանձնում դասախոսին: Համոզված էր՝ տապալել է քննությունը: Համոզմունքին ուղիղ համեմատական էր զարմանքը, երբ իմանում է, որ 4 է ստացել: Այսպես Լեւոն Օսիպովը դառնում է ուսանող, ում առաջին ուսուցիչը Երվանդ Քոչարն էր:
Վարդան Մամիկոնյան
«Վարդան Մամիկոնյան» արձանը (ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան) Երվանդ Քոչարը երեւանցիների դատին է հանձնում 1975 թ.-ին:
«Քոչարը քաջատեղյակ էր, որ ազգին ոչնչացնում են զրկելով, նախեւառաջ, մշակութային-հոգեւոր արմատներից: 1936 թ. Փարիզից վերադառնալով Խորհրդային Միություն եւ հաստատվելով Երեւանում՝ նա հայտնվեց ազգայինն անտեսող մի հասարակարգում, ուր տիրում էր մատնության, անվստահության, կեղծիքի ու վախի մթնոլորտ: Այս պայմաններում էլ ստեղծեց ազգային գրողների եւ բանաստեղծների դիմանկարների եւ քանդակների մի ամբողջ պատկերասրահ»,- ասում է Կարինե Քոչարը:
Լուսանկարը` Ե. Քոչարի թանգարանի արխիվից
Իր հուշերում Երվանդ Քոչարը պատմում է, որ ողջ ուշքն ու միտքը կենտրոնացրել էր Վարդան Մամիկոնյանի կերպարը քանդակելու դժվարին գործին:
Շատերը, բարեկամաբար, խորհուրդ էին տալիս հրաժարվել, բայց նա, միանգամայն վստահ իր ուժերին, անցնում է գործի:
«1 500 տարի հետո, պարզ է, որ այդ պատերազմը կորցրել է իր ուժգնությունն ու դրամատիզմը, բայց հենց դրա համար Կարմիր Վարդանի հրաբորբոք կերպարից պետք է թափ տալ ժամանակի մոխիրն ու բորբոքել մեր ազգային ինքնագիտակցության եւ ազատության կրակը… Իմ Վարդանը՝ ձիու վրա նստած, թուրը բարձրացրած, արշավում է, բայց չի պաշտպանվում: Նրան պետք չէ վահան: Այս կռիվը զենքի զորության կռիվ չէ, այլ գաղափարի: Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզմունքը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ ոգին…
Լուսանկարը` Ե. Քոչարի թանգարանի արխիվից
Նրա դիրքն արդեն հաղթողի վսեմ դիրք է: Վարդանը նստած չէ ձիու վրա, այլ բարձրացել է մի փոքր, աջ ոտքով հենվել ասպանդակին, որպեսզի էլ ավելի հուժկու լինի թրի հարվածը: Նա ամբողջապես բաց է` մարմնի ոչ մի մասը չի պատսպարված, քանզի նա չի վախենում մահից, նա ընկճել է մահը: Իսկ ձին` իր հավատարիմ ձին, պետք է ներդաշնակ լիներ տիրոջ հետ, մարդը եւ կենդանին պետք է իրար լրացնեին: Ուստի ձին էլ տիրոջ նման պետք է բացված լիներ, առջեւի ոտքերը պետք է կրկնեին տիրոջ ձեռքերի շարժումը, իսկ հետեւի ոտքերը` օդում լինեին»,- իր հուշերում գրում է քանդակագործը:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Երվանդ Քոչարի թանգարանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: