Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 28-ին Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է 1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ
Ուելսի արքայազն Չարլզը:
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաեւ որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին եւ իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար:
Ինչպես Լոնդոնից հաղորդում է Ասատուր Գյուզելյանը, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նման բարձր մակարդակի միջոցառում մինչ օրս Միացյալ Թագավորությունում տեղի չէր ունեցել:
Ոգեկոչման արարողությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ՝ Միացյալ Թագավորության կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, Անգլիկան, Կաթոլիկ եւ Ուղղափառ քույր եկեղեցիների առաջնորդներ, բրիտանահայեր, աշխարհի բազմաթիվ հայկական համայնքների ներկայացուցիչներ:
Արարողության ժամանակ հոգեւոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը:
Միջոցառումը կազմակերպվել եւ հովանավորվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: