Մայիսի 29 ին «Դալան»-ում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի «Մասնիկապատում» առաջին անհատական ցուցահանդեսը: Pink Floyd-ի տիեզերական հնչյունների ներքո այցելուներն ուսումնասիրում էին ներկայացված 24 աշխատանքները, մեկ անիմացիան ու մեկ ինստալյացիան:
Նարեկն ունի աստվածաբանական եւ իրավաբանական կրթություն, նկարչական դասընթացների երբեւէ չի հաճախել, բայց մանկուց նկարել է:
«Քանի-որ մասնագիտությամբ նկարիչ չեմ, դրա համար էլ նկարելուն աշխատանքի նման չեմ վերաբերվում: Պիտի որոշակի հոգեվիճակ լինի, որ կարողանամ նկարել, բայց դեռեւս չեմ կողմնորոշվել` սթրես, թե ուրախություն», - պատմել է Նարեկը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեկ նկարի վրա Նարեկը ամենից երկարն աշխատել է մեկ ու կես տարի: Հեղինակը նշում է, որ երկար է նկարում, քանի-որ ամեն մասնիկ առանձին ուշադրություն է պահանջում: «Դժողք», «Դրախտ», «Կին», «Արեւ», «Ջրային Առասպելներ», «Հին Երեւան»` ցուցադրած յուրաքանչյուր նկար իր յուրահատուկ անվանումն ու պատմությունն ունի:
Ի դեպ, Նարեկը Երեւանի հուշարձանների պահպանության համար մղվող պայքարի առաջամարտիկներից է եւ նկարներից մեկում ներկայացրել է Աֆրիկյանների տան քանդման ընթացքն ու ոչնչացնողների կերպարները:
«Նկարում եմ այն, ինչ իմ կյանքում տեղի է ունենում: Սկզբում իմ նկարներում գույներ չկային, հետո, կարծես չէի կարողանում հագենալ դրանցից», - պատմել է Նարեկ Աշուղաթոյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վաղ շրջանի ստեղծագործություններում Նարեկը օգտագործում էր ջրաներկ, հետո փորձեց նաեւ յուղաներկը: Նկարչության մեջ վերջին 15 տարիները հեղինակի համար փորձի շրջան են` «Ինքս ինձ փորձում եմ` ի՞նչ եմ կարողանում անել, իսկ ինչ` ոչ: Ամեն դեպքում, կարծում եմ, որոշակի ձեռագիր ունեմ, որի ակունքում կանգնած է մասնիկը: Նկարում պատկերված ամեն մի մասնիկ առանձին պատում է, պատմություն է, երբ դրանք միանում են` ծնվում է մի մեծ պատմություն: Հետո դրանք տրոհվում են` դառնալով մեկ այլ սյուժեի մասնիկ: Հավերժ տրոհման շրջանում եմ»:
Ցուցահանդեսը բաց է մինչեւ հունիսի 4-ը:
Լենա Գեւորգյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: