Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանին Նյու-Յորքում կշնորհվի «Հայերի բարեկամ 2014» կոչումը - Mediamax.am

5705 դիտում

Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանին Նյու-Յորքում կշնորհվի «Հայերի բարեկամ 2014» կոչումը


Գյումրիի նորակառույց թիվ 6 երաժշտական դպրոցի բացումը
Գյումրիի նորակառույց թիվ 6 երաժշտական դպրոցի բացումը

Լուսանկարը` Davit Hakobyan


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ երգիչ, Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը Նյու-Յորքում կարժանանա «Հայերի բարեկամ 2014» կոչմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ կոչումը երգչին կշնորհի Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմը:

 

Իէն Գիլանի պարգեւատրման արարողությունը կկայանա մայիսի 2-ին Նյու-Յորքում` Արեւելյան թեմի 112-րդ ամենամյա հավաքի շրջանակներում:

 

Deep Purple-ի վոկալիստը պատվավոր կոչմանը կարժանանա Գյումրիի նորակառույց թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարության ծրագրին մասնակցելու համար:  

 

Դպրոցը կառուցվել է Մեդիամաքսի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալական  Do Something կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակներում:

 

Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 2013թ. սեպտեմբերին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Իէն Գիլանի, Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ Մարդիգյան ընտանիքի անդամների մասնակցությամբ, ովքեր ամենախոշոր գումարն էին նվիրաբերել դպրոցի շինարարության համար: 

 

2009թ. ՀՀ նախագահը Պատվո շքանշանով էր պարգեւատրել Իէն Գիլանին, Թոնի Այոմիին (Black Sabbath), Ջոն Դիին (Rock Aid Armenia ծրագրի հիմնադիր), Ջեֆ Դաունսին (Asia, Yes), Բրայան Մեյին (Queen) եւ Դեւիդ Գիլմորին (Pink Floyd)` 1989թ. Rock Aid Armenia ծրագրին մասնակցության համար: 

 

2009թ. հոկտեմբերին Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջոն Դին եւ Ջեֆ Դաունսը այցելել էին Գյումրիի թիվ 6 դպրոց, որն ավելի քան 20 տարի գործում էր ժամանակավոր տնակային պայմաններում, եւ խոստացել էին օգնել նոր շենքի կառուցման հարցում:

 

Այդ ուղղությամբ կատարված առաջին քայլը հանդիսացան Մեդիամաքսի կողմից կազմակերպված` Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2010թ. մարտին: Հետագայում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին հիմնեցին WhoCares սուպերխումբը, որը թողարկեց երգ եւ ալբոմ` Գյումրիի երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

 

Մեդիամաքսը նախատեսում է պատմել մայիսի 2-ին Նյու-Յորքում կայանալիք արարողության մասին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին