Երկու երազանք, որ կփոխի Նորայի կյանքը - Mediamax.am

exclusive
6927 դիտում

Երկու երազանք, որ կփոխի Նորայի կյանքը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Դասերից հետո նախ Սմարթ սենյակ, հետո՝ տուն։ Այստեղ Նորային ընկերներն են սպասում։ Մանկապարտեզին կից լուսավոր սենյակը երկու տարի է՝ փոխել է Մեծ Այրումի երեխաների առօրյան։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) վերանորոգել, կահավորել եւ անհրաժեշտ տեխնիկայով ապահովել է սենյակը ու Լոռու մարզի հեռավոր գյուղի երեխաների համար ստեղծել այլընտրանքային կրթության եւ հետաքրքիր ժամանցի հնարավորություն։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Մինչեւ Սմարթ սենյակի բացվելը, դպրոցից գալիս էի տուն, դասերս սովորում, հետո հեռախոսով երաժշտություն լսում կամ հեռուստացույցով ֆիլմ դիտում։ Շփվում էի միայն համադասարանցիներիս հետ։ Իսկ հիմա դասից հետո գնում եմ Սմարթ սենյակ, որտեղ տարբեր տարիքի երեխաներ են լինում»,-պատմում է 11-րդ դասարանցի Նորան։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Առաջին դասարանում ուսուցիչներն էին գնում Նորայենց տուն։ Աղջիկը տեղաշարժման խնդիր ունի, ճանապարհը երկար է եւ խորդուբորդ, դպրոց հաճախելու հնարավորությունները՝ սահմանափակ։ Հետո դպրոցի տնօրենի օգնությամբ սայլակ ձեռք բերեց, դպրոցում թեքահարթակներ տեղադրեցին։ Նորան գնաց դպրոց ու զգաց դասընկերների հետ սովորելու հաճույքն ու հետաքրքրությունը։

 

Գյուղում զբաղմունքը շատ չէ։ Երիտասարդները հիմնականում տեղափոխվում են Վանաձոր կամ Երեւան՝ սովորելու, արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան, ոմանք էլ ընտրում են պայմանագրային զինծառայողի ճանապարհը։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Սմարթ սենյակը Մեծ Այրումի երեխաների համար հնարավորություն է՝ կրթության, ժամանցի, կարողությունների բացահայտման։ Այստեղ մեդիագրագիտության, անգլերենի խմբակներ ու դասընթացներ են անցկացնում, երեխաներն իրենց նախաձեռնություններն են իրականացնում. համակարգչով գիրք են կարդում, շախմատ խաղում, ֆիլմեր դիտում, նաեւ՝ «Նորայի խմբակին» մասնակցում։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«ՔՈԱՖ-ի գլխավոր հոգեբանի հետ զրուցեցինք ու որոշեցինք խմբակ բացել, որը կապահովի Նորայի ժամանցն ու բարձր տրամադրությունը։ Երկու Արմթաբ տրամադրեցին, որի միջոցով կարողանում ենք տարբեր ինտելեկտուալ խաղեր խաղալ, ֆիլմի դիտում կազմակերպել։ Սկզբում ընդամենը երեք հոգի էինք՝ ես, Էլզան ու Տաթեւը։ Հետո էրեխեքը տեսնելով, որ մենք Նորայի հետ սիրով ենք աշխատում ու ժամանակը լավ է անցնում, շատացան, հիմա 15-16 երեխա կա»,- պատմում է Արմինեն։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Մի տարուց ավելի աշխատում եմ, իմ հետաքրքիր ժամանցն ու երեխաների հետ շփումն եմ ապահովում։ Առաջին խմբին արդեն ճանապարհել եմ ու երկրորդը կազմել։ Սկզբում հույս չունեի, որ երեխաները կավելանան։ Ինձ թվում էր, որ իրենց չի հետաքրքրի խմբակը։ Բայց աստիճանաբար շատացան։ Հիմնականում ազատ ենք, անում ենք՝ ինչ ուզում ենք՝ խաղում ենք, ֆիլմեր դիտում, տարբեր ծրագրեր ներբեռնում։ Բաներ կան, որ ես եմ իրենցից սովորել, որոշ բաներ սովորեցրել եմ»,-խմբակի մասին պատմում է Նորան։

 

Խմբակը ստեղծեցին Նորային ինտեգրելու նպատակով, ստացվեց այնպես, որ Նորան  է ներառում ու համախմբում մյուսներին։  Խմբի անդամների հետ անհատապես է «աշխատում»։ Նախապես որոշում են, թե ինչով են զբաղվելու հաջորդ շաբաթ։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Թեկուզ դրսում նստենք, մի բան նկարենք։ Դրանով հա՛մ Նորայի տրամադրությունն է բարձրանում, հա՛մ հետաքրքրությունը նկարելու հանդեպ, հա՛մ էլ ձեռքն է վարժվում»,- ներկայացնում է Արմինեն։

 

Առավոտյան Նորային դպրոց ուղեկցում է մայրը՝ Նաիրան, դասերից հետո քույրիկի հետ գնում է Սմարթ ու միասին վերադառնում են տուն: Նորայի ծնողները, ինչպես Մեծ Այրումի մյուս բնակիչները, գաղթել են 1988-ին են հաստատվել են մինչ այդ ամբողջովին ադրբեջանաբնակ այս գյուղում: Նաիրան ասում է, որ Մեծ Այրումի առաջին աշակերտներից է եղել, այն ժամանակ դասերը գյուղի ակումբում էին անում: Երազում էր ուսուցչուհի դառնալ, չստացվեց՝ դժվար տարիներն էին: «Բայց լավ սովորել եմ, էրեխեքս դասերի համար ուրիշի դուռը չեն գնում»,-հպարտությամբ նշում է նա: Երիտասարդ մայրը բազմազավակ է, ունի երեք աղջիկ ու մեկ որդի: Ամուսինը պայմանագրային զինծառայող է, հաճախ տանը չի լինում: Երեխաներն են օգնում կենցաղում։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Նորան շատ է ուզում քայլել։ Ժամանակին ֆիզիոթերապիայի էր գնում, վարժությունները դժվար էին, ցավոտ, բայց օգտակար։ Վերջնական արդյունքի համար երկար բուժում է անհրաժեշտ։ Ընտանիքը դրա հնարավորությունը չունի։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Փոքր ժամանակ ամաչում էի տանից դուրս գալ, որովհետեւ բոլորը վազում, քայլում էին, ես նայում, նեղվում էի, ասում էի՝ ինչո՞ւ չպիտի կարողանամ մյուսների նման վազել, քայլել։ Հետո աստիճանաբար հասկացա, որ եթե էսպես է, ոչինչ անել չեմ կարող, պետք է համակերպվեմ։ Հասկացա նաեւ, որ կարելի է ինչ-որ բաների հասնել։ 

 

Ինձ համար ձեռքբերում է դպրոց գնալը, գրել-կարդալ սովորելը, որովհետեւ իմ նման ոչ բոլոր երեխաները, մանավանդ՝ գյուղում ապրող, գրել-կարդալ իմանալու եւ մասնագիտության մասին մտածելու հնարավորություն կունենային»։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Նպատակներին հասնելու համար Նորան օգտվում է հնարավորություններից, որ կա իրենց համայնքում։ Անգլերենի ինքնուսույց է ներբեռնել, որ օտար լեզու սովորի, մեդիագրագիտության դասերի է մասնակցել, «Մենք ենք, մեր գյուղը» բլոգի համար Մեծ Այրումի մասին տեղեկություններ է հավաքում գյուղի մեծահասակներից, ուսուցչին ու ընկերներին հայտնում, որ ավելացնեն բլոգում: Նորան հավատում է, որ այն, ինչ անում է, օգնելու է հասնել երազանքներին։

 

«Ես մի հատ մեծ երազանք ունեմ, որ քայլեմ, բայց չգիտեմ՝ կստացվի, թե չէ։ Մի հատ էլ երազանք ունեմ, որ դառնամ ծրագրավորող, որովհետեւ հիմնականում նստակյաց աշխատանք է։ Սմարթ սենյակի ղեկավարներն ինձ խոստացել են, որ նորաբաց Սմարթ կենտրոնում կսովորեցնեն ծրագրավորման գաղտնիքները։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Կուզեի գնալ Երեւան կամ Վանաձոր, բուժվել ու աշխատել իմ մասնագիտությամբ ։ Գիտեմ, որ կարող եմ տանից էլ աշխատել, բայց ինձ ավելի հետաքրքիր կլինի քաղաքում՝ ինչ-որ օֆիսում աշխատել»։

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը Նորային հնարավորություն կտա գյուղից դուրս գալու, շփվելու անծանոթ մարդկանց հետ, նոր միջավայրում դրսեւորվելու։ Անհամբեր սպասում են դասերին։ 

 

«Սկզբում պատկերացումներն ուրիշ էին, մենակ նկարով էի տեսել, բայց որ գնացի, մի հրաշք տեղ է, ոնց որ դրախտ,-ոգեւորված պատմում է Արմինեն։ -Ինձ համար ամենատպավորիչը գրադարանի բաժինն էր ու պարի սենյակը հայելիներով։ Դրանից հետո մեր Սմարթ սենյակն արդեն հեքիաթային չէ թվում»։

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում տեխնոլոգիական ծրագրերն առանցքային են։ Կենտրոնը համագործակցելու է Հայաստանի եւ աշխարհի՝ ՏՏ կրթության մեջ մասնագիտացած կազմակերպությունների եւ անհատ փորձագետների հետ։ Բոլոր ցանկացողները ՍՄԱՐԹ-ում կարող են անվճար սովորել համակարգչային գրագիտություն, հավելվածների մշակում, կոդավորում, վեբ եւ գրաֆիկական դիզայն, HTML, JavaScript ծրագրավորման լեզուներ, տվյալների վերլուծություն, թվային մարքեթինգ։ Կենտրոնի ռոբոտաշինության սենյակում եւ SAP NextGen լաբորատորիայում կարելի է ոչ միայն ծրագրավորել ռոբոտներ, այլեւ հմտանալ գիտական տարբեր դիսցիպլիններում։ 

ՍՄԱՐԹ կենտրոնում նաեւ մասնագիտական վերապատրաստումներ են անցկացվելու դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների եւ մեծահասակների համար։ Այս կերպ Հայաստանի մանուկներ հիմնադրամն օգնում է գյուղական համայնքներում տեղական մարդկային ռեսուրսի մասնագիտական ներուժի կատարելագործմանը եւ կադրերի խումբ ստեղծելուն։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք +374 10 50 20 76 հեռախոսահամարով կամ այցելեք https://am.coafkids.org/coaf-smart/

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին