Երվանդ Վարդանյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

1388 դիտում

Երվանդ Վարդանյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Երվանդ Վարդանյանը
Երվանդ Վարդանյանը

Ամէն մի մշակոյթ ունի իր գերագոյն ռիթմը, որով կարողանում է տիրել իր հոգեկան փոթորիկներին:  

Կոստան Զարեան "Անցորդը եւ իր ճամփան"

 

Կապտասպիտակ ծովային զանգվածը վայրկյանապես փոխվեց գորշ հողաթմբերի: Մտածումդ ակնթարթների ընթացքում շեղեց  ուղղությունը… Ովքե՞ր են քայլում հիմա այդ տարածության վրայով, ի՞նչ քաղաքներ կան հիմա քո ներքևում, ի՞նչ ժամանակ է հիմա այնտեղ, գուցէ դու հիմա թռչում ես բալկանների վրայո՞վ, իսկ այն մուգ զանգվածը Բելգրադն է, իսկ կուտակող ամպը սերբ Հոմերոսի` գրող Միլորդ Պավիչի ծխամորճի ծո՞ւխն է, որ շարունակում է բարձրանալ` չնայած,  ծխողը վաղուց արդեն չկա, ինչպես որ ժամանակին չկար Պավիչի ստեղծած հերոսներից մեկը` Սիմոն Բաղիշեցին:

 

Երբ օդում ես, ներքևում ամեն ինչ հնարաոր է, նույնիսկ Բաղիշեցու ու Պավիչի հանդիպումը,  բայց վերևում դու մենակ չես,  քո հետ կան մարդիկ, որոնք նույն տեղից քո հետ միասին մտան այս դռնով ներս, որը հիմա ամուր փակ է և կբացվի միայն վայրէջք կատարելուց հետո, այսինքն այստեղ ոչ ոք հյուրերի չի սպասում, այստեղ բոլորն են հյուր: Բոլորի  բերանից մերթընդմերթ լսվում է կենցաղային հայերենը, այն ճկուն ու դյուրաթեք բառահերթը, որ Մանդելշտամի անկաջներում դեռ շարունակում է իր արձագանքը, վայրի կատվի պես ճանկռելով լսելիքը, ստիպում նրան վերցնել գրիչն ու գրել, գրել գոռացող քարերի երկրի մասին,  հենց հիմա, հավերժ, չնայած, որ նա վաղուց արդեն չկա  ներքևում, սակայն այստեղ է այն լեզու-մուսան, ու նրա գոյությամբ կենդանի է նայև պոետը:

 

Ահա բացվում է դուռը, բոլորս միասին դուրս ենք գալիս նեղ միջանցքով, ապա միջանցքը լայնանում է` սկսում ճյուղավորվել: Ես այլևս չեմ լսում ինձ ծանոթ հնչյուները, ես միայն մի գույն եմ` սև ու սպիտակի արանքում, որն հայտնվել է Բաբելոնյան աշտարակի վրա, ուր քիչ առաջ ինքնաթիռ-նռնակ ընկավ: Իսկ ի՞նչ ազդեցություն կուենա այդ նռնակը, ի՞նչ բաղադրություն ուներ նա , արդյոք նրա բեկորները ի զորո՞ւ են ճեղքել պատնեշներ:  

 

Մարսելում եմ, ֆրանկոֆոնիայի օրերին մասնակցելու համար:  Պետք է շփվեմ   երիտասարդների հետ, պատմեմ նրանց իմ երկրի, ազգության մասին, հարյուրից ավել երկրների ներկայացուցիչներ այստեղ են` իմ կողքին, վաղը ես պետք է խոսեմ նրանց հետ, բայց սկզբից խոսում եմ ինքս ինձ հետ...

 

Ի՞նչ է նշանակում լինել հայ… Դա սոսկ ցեղի, հանրույթի հավաքական անվանո՞ւմ է, թե՞,  մի ուրիշ, ավելի համակարգային, ավելի բազմաբովանդակ արժեք: Ինչքան էլ տարօրինակ հնչի, հայը միայն ազգություն մատնանշող բառ չպիտի  ընկալվի, դա չափազանց սխալ, վտանգաոր մոտեցում է, քանզի այդ բառը դարերի ընդթացքում հասցրել է իր վրա հավաքել այնպիսի հարուստ մշակութային շերտ, որ պեղումներ կատարելու անվերջ հնարաորություն է ընձեռում:   Ավելի ճիշտ կլիներ հայ բառը ընկալել որպես գրքի վերնագիր, գրքի, որը դեռ շարունակում է գրվել...

 

Դիցուկ, վաղն օտարազգին   իր համար բացահայտում է Արամ Խաչատյանի երաժշտությունը կամ Գորկու ու Սարյանի  նկարչությունը, Նարեկացու պոեզիան, Փարաջանովի կինոպոետիկան, սիրահարվում նրանց ստեղծածին, վերցնում «Հայ» վերնագրով գիրքը ու սկսում կարդալ, ուր վերոհիշյալ անուների կողքին ավելանում են նորերը ...

 

Իմ խորին համոզմամբ հայը նա է, ով կարդում է համանուն վերնագրով գիրքը, ով ամեն օր նոր էջեր է թերթում, ով Ֆրանկֆուրտում, Վարշավայում, Հոնկոնգում ներկա գտնվելով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթին` սրտանց ծափահարում է` զգացված մինչև վերջին բջիջը: Գենետիկ հայության հետ զուգահեռ անպայման պետք է քայլի մշակութային հայը` տարածելով իր ազդեցությանն ու աշխարհագրությունն ամբողջ աշխարհում: Սա հայ տեսակի պահպանման միակ շանսն է, միակ կամուրջը աշխարհի հետ, այն աորտան, որի միջով հոսում է կենարար հեղուկը, որի ճնշումից է կախված` կհասնի՞ հեղուկը ծայրամասի մազանոթներին,  թե՞ կլերդանա կես ճամփին` մտնելով Մունկի հայտնի կտավի մեջ:

 

Դու միսիոներ ես, մշակութային միսիոներ, ով պետք է իր շուրջն ապրող հարյուրավոր երիտասարդիների  ինչ-որ չափով   հայ դարձնի, ավելի ճիշտ,  հայ դառնալու բանալիներ տալ կարողանա, գուցե կհաջողվի ընդլայնվելով ստեծել մի նոր մշակութային կայսրություն, մի նոր հելլենիզմ …

 

Իսկ թէ ինչ է սպասվում գենետիկ հային, որն ապրում է հայաստանից դուրս առանց մշակութային հայի: Պատախանը մեկն է` գենետիկ ուծացում և  ոչնչացում, դա կլինի 20, 30 թե 80 տարի հետո, մեծ հաշով էական չի, առանց «Հայ» գրքի բավարար խմբաքանակի գենետիկ հայը, որ պետք է լինի մշակութային հայի հիմնական կրողն ու տարածողը, դատապարված է աղճատման: Խմբաքանակը շատ կարևոր շեշտադրում պետք է ունենա այս դեպքում, սա սփյուռքահայության համար պետք է նույն  նշանկությունն ունենա, ինչ դեղատունը` հիվանդի համար: Եթե դեղատանը պակասում են դեղահաբերի կարևոր տեսակներ, ապա մարդկանց հիվանդություները թերի են բուժվում:

 

Անցավ Ֆրանկոֆոնիայի շաբաթը Մարսելում, ես այցելեցի հսկայական ու հոյակերտ բազիլիկները, ուր ոչ ոք չկար, ու բացարձակ լռություն էր   թևածում: Եվրոպացուն բնորոշող ամենացայտուն բանը այս տաճարների դատարկություն է: Հետո մենք հանդիպեցինք քաղաքապետի հետ: Ես չափազանց հպարտացա, որ հայաստանի հյուպատոսը եկել էր ինձ աջակցելու, նրա հետ եկել էր մի կին` 30-ին մոտ տարիքի: Նա ասեց, որ  հայ է, հարցրեց, թե  արդյոք տեսե՞լ եմ Գեդիկյանի նոր ֆիլմը, գիտե՞մ, որ այս քաղաքում կա 8 հայկական եկեղեցի, հետո ավելացրեց, որ ինքը ամեն կիրակի  երգում է եկեղեցիներից մեկում,  որ  եկեղեցին միշտ լիքն է մարդկանցով: Վերջում   ինձ հրավիրեց իրենց տուն, ասաց, որ լավաշ ունեն, մայրն էլ դոլմա է պատրաստել...

 

Իսկ ֆրանսիական բազիլիկներում լռությունն էր թագավորում…

 

Անկախ պետություն ունեցող ազգերի թիվը փոքր է, այդ ազգերի գոյատևման հիմնական կռվանը անկախ մշակույթ ունենալն ու զարգացնելն է: Պատկերավոր ասված`  Հայաստանի Հանրապետությունը այն տպարանն է, որտեղ տպվում է «հայ» գիրք-մշակույթը, և թե ի՞նչ պարբերականությամբ ու ի՞նչ տպաքանակով կտպվի ու կտարածվի աշխարհով մեկ, այդքանով էլ կբարձրանա նրա ապագայի հեռանկարը` կինետիկ էներգիան...

 

Post scriptum

Փոթորիկ է:

 

Post post scriptum

Էյ~, երևում է  ցամաքը …

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին