Նարեկ Սէֆէրեան. Համաշխարհային հայը եւ անվտանգ հայկական ինքնությունը - Mediamax.am

2207 դիտում

Նարեկ Սէֆէրեան. Համաշխարհային հայը եւ անվտանգ հայկական ինքնությունը


Նարեկ Սէֆէրեանը
Նարեկ Սէֆէրեանը

Հայկական ինքնությունը այն քիչ ազգային ինքնություններից է, որը իսկապես կարող է «համաշխարհային ազգ» տիտղոսը կրելու իրավունքն ունենալ: Ի՞նչ է հենց «ազգ» կոչեցյալը, համենայն դեպս: Սա, իհարկե, վիճահարույց հարցադրում է: Ես կասեի, որ հայերը հանգիստ կարող են իրենք իրենց ազգ համարել, քանզի նախ եւ առաջ որոշակի քանակով գոյություն ունեն: Բայց՝ ավելի կարեւոր, այդ քանակը կրում է մշակութային բազմազան դրսեւորումներ եւ՝ նույնպես կարեւոր, այդ քանակը որոշակի քաղաքական գիտակցություն ունի:

 

Հայերը բազմազան են, սա անհերքելի է: Ունեն, այսպես ասած, մի քանի լեզու. այսինքն, լեզվական արտահայտման հայերենի տարբերակներ կան՝ ե՛ւ մի քանի տասնյակ բառբարներ, ե՛ւ այսօր գործող երկու գրական լեզուները: Բացի այդ, շատ ու շատ հայեր շատ ու շատ այլ լեզուներ են խոսում՝ հաճախ նաեւ առանց հայերեն իմանալով:

 

Հայերը ունեն մի քանի կրոնական ավանդություններ: Էջմիածին, Անթիլիաս, Պոլիս, Երուսաղեմ՝ սրանք լինելով առաքելական (կամ՝ ինչպես հաճախ անվանվում է Սփյուռքում՝ լուսավորչական) հայկական եկեղեցու կենտրոններ, իրենց հերթին համալրվում են Հայ Կաթողիկե (Կաթոլիկ) եկեղեցվով ու նաեւ Հայ Ավետարանականությամբ: Նաեւ կան հայեր, ովքեր այլ կրոններ են դավանում, կամ էլ անաստված են: Կարծես ամեն օր ենք լսում Թուրքիայում ծպտյալ հայերի մասին, որոնք իրենց մասամբ կամ ամբողջովին հայ համարելով, մահմեդականության հետեւորդներ են: Դրանցից ոմանք ընդունում են քրիստոնեություն, ոմանք էլ մնում են մուսուլման:

 

Դեռ չենք խոսում աշխարհագրական բազմազանության մասին, ավանդական խոհանոցների, կամ այլ մշակութային դրսեւորումների բազմազանության մասին: Այս ամենը փաստարկներ են, որ հայերը միայն ազգ կարող են լինել: «Ցեղախմբեր» կամ սոսկ «համայնքներ», ունենում են, կոպիտ ասած, մի լեզու, մի կրոն, կամ մի կերակրատեսակ: Ազգերի բնորոշման գլխավոր գիծը, ըստ իս, բազմազանությունն է: Հայերի մոտ այս բազմազանությունը ի հայտ է եկել եւ հայտնի է դարձել հենց հայերին վերջին հարյուրամյակի ընթացքում: Այդ գիտակցությունը ազգային ինքնության առանցքներից մեկն է:

 

Քաղաքական գիտակցությունը մյուս կարեւոր հանգամանք է: Այստեղ եւս հայերը ետ չեն մնացել: Ընդ հակառակը, հայկական պետական դրսեւորումներ շատ վաղուց են գոյություն ունեցել երկիր մոլորակի մակերեսի վրա (թեկուզեւ արդիական «պետություն» հասկացության նեղ իմաստով ինչ-որ չափանիշներով թերի էին պատմական Հայաստանները): Մասնավորապես ԺԹ դարից սկսյալ ավելի վառ ձեւով է արտահայտվում «քաղաքական հայը»:

 

Իհարկե, այսօր Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ դրա հետեւանքն է: Սակայն քիչ չեն դրանք, ովքեր մտահոգ են Հայաստանի Հանրապետության ճակատագրով: Անկասկած, պետությունն իր աշխատանքներում շատ հաճախ մտահոգվելու տեղիք է տալիս. կաշառակերություն, կեղծված քվեարկություն, ոչ պատշաճ որոշումներ, պատերազմի սպառնալիք, արտագաղթ… Հայաստանի ապագան կարող է հեշտորեն մռայլ երեւել որեւէ առարկայական աչքի համար:

 

Հայկական ինքնությունը, սակայն, որպես այդպիսին, նման իրավիճակում չի գտնվում: Հենց վերեւում նշված այդ վերջին կետը՝ արտագաղթը, այսպես թե այնպես երաշխավորում է համաշխարհային հայ ազգի շարունակականությունը: Ոմանք արագորեն կասեն, որ Սփյուռքը դատապարտված է ոչնչացման: Պատմությունը, սակայն, դա չի հուշում:

 

Պատմությունը հուշում է, որ Անիի անկումից հետո, հազար տարի ու ավել՝ մինչ օրս, առանց չափազանցության, կենտրոնական ու արեւելյան Եւրոպայում հաստատվել, գոյատեւել, ու բարգավաճել են հայեր, հայկական համայնքներ, հայ գաղութներ: Սա միայն մի օրինակ՝ երեկվանից:

 

Այսօրվանից, նշեմ որ եթե ոչ օրեցօր, այլ գոնե տարեցտարի, բացվում են նոր հաստատություններ, եկեղեցիներ, համայնքային կազմակերպություններ մասնավորապես Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում, որտեղ Սփյուռքի հաջորդ սերնդի գերակշիռ մեծամասնությունը իր տունն է համարելու: 2014-ին ե՛ւ մի կողմից Յակուտիայում հիմնվեց հայկական եկեղեցի, ե՛ւ մյուս կողմից հնից մնացած՝ իրավական դժվար կարգավիճակում գտնվող հայկական եկեղեցին վերահաստատվեց Մյանմայում (Բիրմա), վերաօծվեց՝ թեկուզ այդ երկրում ընդամենը մի ափ հայերի համար:

 

Սփյուռքի պատմությունը վկայում է անկումներ եւս, իհարկե: Վկայվում են տեղից-տեղ շարժ, անկայունություններ: Հայերը շատ քիչ համայնքներ են ունեցել, որտեղ քաղաքական ազդեցություն կարողացել են ապահովել այնքանով, որ երաշխավորեն իրենց մշտական գոյությունը: Սակայն արեւմտյան ազատական (լիբերալ) արժեքները այսօր թույլ են տալիս հայերին որպես փոքրամասնություններ իրենց մշակութային արտահայտությունները հավուր պատշաճի պահպանեն ու զարգացնեն: Ամեն տեղ այդպես չէ, բայց նման մթնոլորտ տիրում է զգալի քանակով տեղերի համար: Կարելի է անգամ ասել, որ երբեմն Սփյուռքում հայկական մշակութային որոշ արտահայտություններ ավելի ապահով են, զարգանալու ավելի առիթներ ունեն, քան բուն Հայաստանում: Արեւմտահայերենի իրավիճակը, օրինակ, Մոնրեալում ավելի ամուր է, քան Երեւանում, եւ դա գալիս է կանադական պետական քաղաքականության մոտեցումներից եւ հայաստանյան պետական քաղաքականության որոշ սահմանափակություններից:

 

Նաեւ պետք է հաշվի առնել, որ հայերը փոփոխության են ենթարկվել իրենց պատմության մեջ: Գոյություն ունեցել են եւ շարունակում են ունենալ զարգացումներ, նորարարություններ, հին երեւույթների ջնջումներ կամ վերականգումներ, եւ այլն: Սա եւս բնական է մի ազգի համար. գոյատեւման գլխավոր գրավականներից է: Ուստի սպասելի է հայկական ինքնության շարունակականությունը, բայց նաեւ սպասելի է, օրինակ, որ Սփյուռքը մեծավ մասամբ ռուսախոս ու անգլիախոս լինի քսան-երեսուն տարի հետո:

 

Արդյո՞ք սա վտանգ է: Եթե մարդ արժեւորում է լեզուն որպես էական հատկանիշ, դա մտահոգիչ փաստ կլինի: Նույն ձեւի դատողություններ կարելի է անել կրոնի կամ, ասենք, ճաշատեսակների հետ կապված: Այստեղ հարցը ձուլման գաղափարին հետ փոխզիջելուն մեջն է: Այո, լեզուն կկորի, ինչպես եւ շատ տեղերում կորել է, կամ էլ կփոխվի, բայց հայկական ինքնությունը դրանով միայն չի վերանա: Ճկուն ինքնության համար այդ հարցը հաղթահարելի է: Իսկ եթե հայկական ինքնությունը ճկուն չլիներ, վաղուց չքացած էր արդեն:

 

Մեր ազգը, ինքնությունը՝ «համաշխարհային հայը», որեւէ վտանգի մեջ չէ: Նա այսքան շատ քանակով վերջին տասը դարի ընթացքին գոյություն չի ունեցել, իսկ որեւէ հայկական պետություն վերջին քսան դարի ընթացքին չի ունեցել այսքան բարձր հարաբերակցությամբ հայազգի բնակիչներ: Հայերի ժողովրդագրական վիճակը՝ համաշխարհային տեսանկյունից ու պատմական երկարաժամյա հատվածից վերցրած, բավականին ապահով է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին