Ժամանակի եւ տարածության ընկալումը անմիջական կապ ունի լեզվի հետ - Mediamax.am

1911 դիտում

Ժամանակի եւ տարածության ընկալումը անմիջական կապ ունի լեզվի հետ


Լուսանկարը` Ellie Louise

Լուսանկարը` Ellie Louise

Լուսանկարը` Ellie Louise

Լուսանկարը` Ellie Louise

Լուսանկարը` Ellie Louise


Ներկայացնում ենք բրիտանական IFLScience կայքում հրապարակված Your Perception Of Time And Space Is Radically Altered By The Language You Speak հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Ձեր պատկերացմամբ ժամանակը ձախից ա՞ջ է շարժվում: Ոչ բոլոր մշակույթներում է այդպես: Որոշ հոգեբաններ պնդում են, որ ժամանակի մասին մեր մտավոր պատկերները ազդում են լեզվի վրա, գուցե նույնիսկ կապված են նրա հետ:

 

Պատկերացնենք մարդու ծերացման դիագրամը կյանքի բազմաթիվ փուլերում՝ նորածնից մինչեւ մանուկ, ապա դեռահաս, մեծահասակ եւ տարեց մարդ: Հավանական է, որ ամենաերիտասարդ մարդուն պատկերացրել եք ձախից, իսկ տարիքով ամենամեծին՝ աջից: Գուցե սա դասավորելու «բնական» ձեւ թվա, բայց ոչ բոլորը անպայման կհամաձայնեն ձեզ հետ:

 

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր օգտագործում են ձախից աջ գրելու համակարգը, օրինակ՝ անգլերենը եւ շատ այլ լեզուներ, վերացական մտածելիս հակված են ժամանակի ընթացքը տեսնել ձախից աջ, մինչդեռ նրանք, ովքեր կարդում են տեքստը աջից ձախ, օրինակ՝ արաբերենը, եբրայերենը եւ այլն, ժամանակը կազմակերպում են աջից ձախ:

 

Նմանապես, որոշ հետազոտողներ պնդում են, որ մարդիկ, որոնք կարդում են Արեւելյան Ասիայի ուղղահայաց գրերը, հաճախ պատկերացնում են, որ ժամանակն ուղղահայաց հոսում է դեպի ներքեւ, թեեւ կարելի է գտնել հետազոտողների, որոնց կարծիքով դա այդպես չէ:

 

Մեկ այլ օրինակ է լեզուն, որով խոսում է պորմպուրաավ ցեղը՝ հեռավոր Ավստրալիայի նախաբնիկ համայնքը, որն ընդհանրապես չի օգտագործում «ձախ» կամ «աջ» բառերը: Փոխարենը նրանք օգտագործում են «հյուսիս», «հարավ», «արեւելք» եւ «արեւմուտք» հասկացությունները:

Լուսանկարը` Ellie Louise

Հետազոտությունները ցույց են տվել, որ պորմպուրաավների պատմություններում ժամանակի հոսքը մեզ շատ անծանոթ է թվում. այն հոսում է ձախից աջ, երբ մեկը դեմքով նայում է դեպի հարավ, աջից ձախ, երբ դեմքն ուղղված է դեպի հյուսիս, դեպի մարմինը, երբ դեմքը նայում է արեւելք, եւ մարմնից հեռու, երբ դեմքը շրջված է դեպի արեւմուտք:

 

Որոշ հոգեբաններ համոզված են, որ լեզուն ազդում է, գուցե նույնիսկ պայմանավորում է ժամանակի մեր մտավոր պատկերացումը:

 

Այս գաղափարները նման են 2016 թվականի «Ժամանում» գիտաֆանտաստիկ ֆիլմում ուսումնասիրված գաղափարին, որտեղ մարդկությունը փորձում է շփվել խորհրդավոր այլմոլորակային տեսակի հետ, որը հանկարծակի վայրէջք էր կատարել Երկրի վրա: Արտերկրային «լեզուն» ըմբռնելու օգնությամբ մարդիկ ի վերջո հասկանում են, որ նրանք ժամանակի գծային ընկալում չունեն, ինչը նրանց փաստորեն թույլ է տալիս զգալ ապագան:

 

Կինոնկարում նկարագրված են բավականին արտասովոր գաղափարներ, որոնց համար որոշակի գեղարվեստական ազատություն է պետք, սակայն ֆիլմի հետաքրքրաշարժ լեզվական թեմաները իրականությունից այդքան էլ հեռու չեն:

Լուսանկարը` Ellie Louise

Արդյո՞ք մենք ընկալում ենք ապագան մեր առջեւ, թե մեր հետեւում: Լեզուների մեծամասնությունում անցյալը բացատրվում է որպես մեր հետեւում գտնվող մի բան, մինչդեռ ապագան մեր առջեւում է: Իսկ Հարավային Ամերիկայի բնիկ այմարայի բնակիչների լեզուն ցույց է տալիս, որ անցյալն իրենց առջեւ է, իսկ ապագան՝ հետեւում:

 

Անգլերեն լեզուն ունի իր շփոթեցնող տարրերը: Եթե լսեք «Չորեքշաբթի օրվա հանդիպումը տեղափոխվել է երկու օր առաջ» արտահայտությունը, դա նշանակում է, որ նոր հանդիպումը ո՞ւրբաթ օրն է, թե՞ երկուշաբթի: Հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մոտավորապես կեսը կասի ուրբաթ, իսկ մյուս կեսը՝ երկուշաբթի՝ կախված նրանից, թե պատկերացնում են իրենց ժամանակի համեմատ շարժման մեջ են, թե՞ պատկերացնում են, որ հենց ինքը՝ ժամանակն է շարժվում:

 

2017 թվականին լեզվաբանները հետազոտություն են անցկացրել, որի համաձայն երկլեզու մարդիկ ունակ են տարբեր կերպ մտածել ժամանակի մասին՝ կախված նրանից, թե ինչ լեզու են օգտագործում: Անգլերենի եւ շվեդերենի նման լեզուներով խոսացող մարդիկ հակված են իրադարձությունների տեւողությունը բացատրելու համար օգտագործել ֆիզիկական հեռավորությունը, օրինակ՝ «կարճ ընդմիջում» կամ «երկար արձակուրդ»:

 

Եվ հակառակը, հունարեն եւ իսպաներեն խոսողները հակված են չափել ժամանակը՝ նշելով դրա ֆիզիկական քանակությունը, օրինակ՝ «փոքր ընդմիջում» կամ «մեծ արձակուրդ»: Ժամանակի հոսքը ընկալվում է որպես աճող ծավալ, այլ ոչ թե անցած տարածություն:

Լուսանկարը` Ellie Louise

Երկլեզու մարդկանց դեպքում խնդիրը բարդանում է: Օրինակ, եթե մարդը խոսում է եւ՛ հունարեն, եւ՛ անգլերեն, նա կբացատրի ժամանակի ընթացքը՝ կախված այն լեզվից, որով իրեն հարցնում են այդ մասին:

 

«Նոր լեզու սովորելով՝ դուք հանկարծ հարմարվում եք ընկալման չափանիշներին, որոնց մասին նախկինում չգիտեիք: Այն, որ երկլեզու մարդիկ անկաշկանդ եւ անգիտակցաբար փոփոխում են ժամանակը գնահատելու այս տարբեր ձեւերը, համապատասխանում է նորանոր ապացույցների, որոնք ցույց են տալիս, թե ինչ հեշտությամբ է լեզուն սողոսկում մեր հիմնական զգայարանները, ներառյալ զգացմունքները, տեսողական ընկալումը եւ, ինչպես պարզվեց, մեր ժամանակի զգացողությունը», - պարզաբանում է Լանկաստերի համալսարանի լեզվաբան, պրոֆեսոր Պանոս Աթանասոպուլոսը:

Լուսանկարը` Ellie Louise

Ուսումնասիրության այս ոլորտը պատկանում է լեզվաբանական հարաբերականության տեսությանը, որը հայտնի նաեւ որպես է Սեպիր-Վորֆ վարկած, ըստ որի լեզուն, որով մարդը խոսում է, կարող է ազդել կամ ձեւավորել աշխարհընկալումը եւ ճանաչողական գործընթացները:

 

Լեզվաբանական հարաբերականությունը բազում քննադատներ ունի, դրա դեմ շատ հակափաստարկներ կգտնեք: Այնուամենայնիվ, այս գաղափարների ուսումնասիրությունը օգնում է վիճարկել ձեր նախապաշարմունքները եւ հիշեցնել, որ աշխարհը տեսնելու ձեր ձեւը միակը չէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին