Գիտություն՝ բիզնեսի աջակցությամբ. ներկան եւ ցանկալի ապագան - Mediamax.am

exclusive
3741 դիտում

Գիտություն՝ բիզնեսի աջակցությամբ. ներկան եւ ցանկալի ապագան


Արթուր Մովսիսյանը
Արթուր Մովսիսյանը
Կարեն Թռչունյանը
Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Թռչունյանը
Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դինամիկ զարգացող գիտությունը առաջընթացի հիմքն է, եւ որքան լավ է ֆինանսավորված գիտությունը, այնքան ավելի է այդ հիմքը ամուր։

 

Զարգացած տնտեսությամբ երկրներում, որտեղ մրցակցությունը մեծ է, գիտության մեջ ներդրումների զգալի մասը գալիս է մասնավոր ընկերություններից։ Մյուս կողմից էլ, որքան մեծ է մասնավոր ընկերությունների մասնակցությունը գիտության կյանքում, այնքան զարգացած է տնտեսությունը։

 

Հայաստանում, որտեղ գիտության ֆինանսավորումը, թեեւ 2022թ․-ից զգալիորեն ավելացրել է, բայց շարունակում է ոչ բարձր լինել, անչափ կարեւոր են մասնավոր հատվածից եկող ներդրումները։ Իսկ ինչպե՞ս եւ ինչո՞ւ են մասնավոր ընկերությունները ներդրում անում գիտության մեջ եւ ինչպե՞ս շարժել այդ հետաքրքրությունը, փորձել է պարզել Մեդիամաքսը։  

 

Ինչո՞ւ «գրավել» մասնավորին

 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը, ով գերատեսչություն եկել է գիտությունից, ասում է, որ գիտության ֆինանսավորումը հատուկ վերաբերմունք չէ, այն իրականացվում է պետության անվտանգության, տնտեսական զարգացման համար։

 

«Եթե ուզում ես ունենալ զարգացած պետություն եւ հասարակություն, պետք է կարողանաս գիտության մեջ ունենալ ճիշտ եւ ուղղորդված ներդրումներ»,- ասում է նա։

 

Կարեն Թռչունյանը նկատում է, որ Հայաստանում գիտության ֆինանսավորումը դեռեւս գրեթե 100 տոկոսով պետական բյուջեի միջոցներով է լինում, բայց վերջին տարիներին սկսեցին առաջին ծիծեռնակները ճախրել։

 

«Օրինակ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի հետ, դրամաշնորհներ է տրամադրում ինչպես ասպիրանտներին, այնպես էլ՝ պրոֆեսորադասախոսական կազմին ու երիտասարդ գիտաշխատողներին։ Սա լավ օրինակ է, բայց նմանատիպ դրամաշնորհները քիչ են Հայաստանում։ Երբ տնտեսությունն ունենա գիտության նորարարության մեծ կարիքը, այսպիսի ծրագրերը կավելանան»,- ասում է նա։

Կարեն Թռչունյանը Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2021 թվականին հետազոտական արդյունքներով աշխարհի առաջատար երկրների ցանկի առաջին հորիզոնականն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է զբաղեցնում։

 

2022թ․-ին ԱՄՆ կառավարության Ազգային գիտական հիմնադրամի եւ Ազգային գիտական խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն՝ բիզնեսն այդ երկրում ֆինանսավորում է հետազոտությունների մեծ մասը, իսկ արդյունքները ծառայում են բիզնեսների 98%-ի կատարողականին։ Կառավարությունը ֆինանսավորման երկրորդ ամենամեծ աղբյուրն է՝ 21%, որն աջակցում է բոլոր ոլորտների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության ոլորտի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերին, ապա այստեղ կառավարությունը ֆինանսավորել է զգալի մասը՝ 50%-ը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները՝ 31%-ը  եւ բիզնեսները՝ 6%-ը:

 

ԱՄՆ-ում բիզնես հատվածը ֆինանսավորում է կիրառական հետազոտությունների մեծ մասը (55%) եւ փորձարարական մշակումները (86%): Բիզնես հատվածի կողմից ֆինանսավորվող հիմնարար հետազոտությունների մասնաբաժինը 2010-ի 23%-ից աճել է մինչեւ 31% (2019-ին` նախնական արդյունքներով): Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարությունը շարունակում է մնալ հիմնական հետազոտությունների ֆինանսավորման ամենամեծ աղբյուրը (41%):

 

Ի՞նչ ունենք Հայաստանում

 

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն ասում է՝ մասնավոր հատվածը պետք է կայացած լինի, գիտության կարիքն ունենա, որպեսզի գիտությունը ծառայություններ մատուցի մասնավորին:

 

«Մեզ մոտ շատ քիչ ընկերություններ են, որ գիտելիքահենության կարիք ունեն: Մեր տնտեսության գիտելիքահեն ուղղությունները դեռ այդքան զարգացած չեն, որ կարողանան խնդիրներ կամ պատվերներ «իջեցնել» գիտնականներին: Իսկ այն գիտելիքահեն ուղղություններով, որոնք զարգացած են Հայաստանում, օրինակ՝ բարձր տեխնոլոգիաներ, գիտությունն է պակաս զարգացած: Այսինքն՝ ունենք իրավիճակ, որ այն ուղղությունները, որով զարգացած գիտություն ունենք, մասնավոր հատված, արդյունաբերություն չկա եւ հակառակը»,- ասում է Արթուր Մովսիսյանը:

Արթուր Մովսիսյանը Արթուր Մովսիսյանը

 

Գիտության կոմիտեի ներկայացուցիչը նաեւ հաջողված փորձերի մասին է հիշատակում, բայց նշում, որ դրանք մեծ ծավալներ չունեն։

 

«Կան ընկերություններ, որ համագործակցում են գիտնականների հետ, եւ իրենց ավելի ձեռնտու է՝ որոշակի նախագծեր գիտական կազմակերպությունում արվեն՝ ասպիրանտուրայի թեզի մակարդակով՝ գիտական արդյունքը փոխանցելով ընկերությանը։ Այսպիսի փորձեր կան, բայց սա դեռ համատարած չի: Ունենք նաեւ այն իրավիճակը, որ գիտնականները դուրս են գալիս գիտությունից։ Կարեւոր է, որ նրանք գոնե գիտությունից դուրս գալուց հետո շարունակեն գիտահեն ընկերություններում աշխատել, ինչի ուղղությամբ պետք է թե՛ պետությունը, թե՛ այդ բիզնեսներն աշխատեն»,- ասում է Արթուր Մովսիսյանը։

 

Ինչպե՞ս խթանել բիզնեսից եկող ներդրումները

 

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը գիտության մեջ մասնավորից եկող ներդրումների խթանման մի քանի մեթոդ է մատնանշում, որոնք գործում են աշխարհում։

 

«Օրինակ՝ կարող են լինել հարկային արտոնություններ։ Եթե ընկերության եկամուտներից ինչ-որ տոկոս հատկացնում են գիտությանը, ապա այդքան տոկոսով ազատվում են հարկերից։ Մեկ այլ մոտեցումն այն է, որ պետությունն ու մասնավորը որոշակի ներդրումներ են կատարում ինչ-որ ուղղություններով, պայմանավորվում են եւ հետո, եթե ունենում են նոր տեխնոլոգիական արտոնագիր, որոշում են մասնաբաժինները»,- ասում է նա։

 

Կարեն Թռչունյանը մեկ այլ կենսունակ ուղղություն է համարում արտասահմանում հայտնի մեծ ընկերությունների եւ Հայաստանում գիտական խմբերի փոխգործակցության խթանումն ու այդ ընկերություններից պատվեր իջեցնելը։

Կարեն Թռչունյանը Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատվերների դեպքում չպետք է միայն մեր երկրում գտնվող ընկերությունների մասով մտածել։ Մեծ հնարավորություն կա, եւ այստեղ է գալիս պետության դերը, որ այդ կազմակերպությունների հետ ճիշտ աշխատի, համապատասխան նախարարությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները կարողանան ներկայացնել մեր հնարավորությունները եւ դրամաշնորհները կամ հետազոտության պատվերները բերել Հայաստան»,- ասում է փոխնախարարը։

 

Այս համատեքստում նա նաեւ կարեւորում է գիտական էկոհամակարգի եւ հնարավորությունների զարգացումը։

 

«Այժմ քննարկվում է կրթության ռազմավարությունը, մենք ունենք բազմաթիվ կետեր, որոնք վերաբերում են մասնավոր հատվածի հետ աշխատանքների խթանմանը։ Ամբողջ աշխարհում մասնավոր ընկերությունները բուհերում կադրերի պատվերներ են տալիս, որոշակի գումարներ են տրամադրում, ասում, թե որ ուղղություններն են պետք զարգացնել։ Մեզ մոտ, ցավոք, այդ մշակույթը չկա, քանի որ անհրաժեշտությունից ելնելով է մասնավոր ընկերությունը գնում գիտություն եւ բուհ»,- ասում է Կարեն Թռչունյանը։

 

Ո՞ր բիզնեսներն են հայաստանյան առաջամարտիկները

 

Հայաստանում գիտության մեջ ներդրումներ անելով հետաքրքրված են հատկապես այն ընկերությունները, որոնց ստեղծման հիմքում գիտությունն է, եւ որոնք իրենց գործունեության ընթացքում հենվում են գիտության վրա։

 

Վերջին արժեքավոր ներդրումներից մեկը «YSU-Krisp AI Lab» գիտակրթական հետազոտական կենտրոնի հիմնումն է, որի բացումը կայացավ 2022թ․-ի հունիսին։ Բացման ժամանակ Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանն ասել էր, որ կենտրոնում իրականացվեն գիտական հետազոտություններ եւ հույս հայտնել, որ դրանց արդյունքում առաջիկա տարիներին Հայաստանում կհիմնադրվեն Krisp-ի նման տասնյակ ընկերություններ։

 

Գիտության զարգացման գործում բիզնեսի ներգրավվածության ցայտուն օրինակներից մեկը, որի մասին հիշատակում է նաեւ Կարեն Թռչունյանը, 2018թ․-ից Երեւանում գործող PMI Science կենտրոնն է, որը Ֆիլիպ Մորրիս ընկերության՝ աշխարհում երրորդ այսպիսի գիտահետազոտական կենտրոնն է։

 

PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանն ասում է, որ երբ կոմերցիոն ընկերությունը ծախս է ապահովում գիտությանը, ուղղակի համալրում է պետության՝ գիտության ֆինանսավորման ջանքերը։

 

«Ինքնին գիտական պրոեկտներ գտնել, բացահայտել, ընդունել, որպեսզի դրանք փոխադարձ հետաքրքիր լինեն Հայաստանի գիտնականների եւ վերազգային կորպորացիայի տեխնոլոգիական առաջընթացի համար, արդեն մեծ քայլ է»,- ասում է նա։ Ըստ Վահե Դանիելյանի՝ գիտությունն էլ, իր հերթին, պետք է ծառայի հասարակության զարգացմանը, արտադրության, տնտեսության զարգացմանը եւ դրանով ավելի ուժեղանա:

Վահե Դանիելյանը Վահե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանի շանսը, հաշվի առնելով երկրի մասշտաբները, վերազգային կորպորացիաներն են, որովհետեւ դրանք, ըստ էության, պատկերացում ունեն, թե աշխարհն ուր է գնում, թոփ տեխնոլոգիաները որտեղ են, եւ դրանց պատվերն անուղղակի մեսիջ է գիտությանը: Եթե գիտությունը կարողանում է թարգմանել այդ ուղերձը, բավարարել այդ խնդիրներին, ստացվում է լրջագույն ներդրումային ծրագիր»,- ասում է Վահե Դանիելյանը:

 

PMI Science-ը կենտրոնանում է Հայաստանի ամբողջ գիտական համակարգի վրա։ Օգտագործելով Հայաստանի գիտահետազոտական պոտենցիալը՝ կենտրոնը ձեւավորում է նոր ինովացիոն լուծումներ, դրամաշնորհների եւ կրթաթոշակների միջոցով էլ՝ աջակցում էկոհամակարգի զարգացմանը։

 

PMI Science-ը բիզնեսի կողմից գիտության մեջ ներդրում անելու Հայաստանում ամենամեծ ծրագրերից է, եւ եթե այս օրինակով մասնավոր հատվածը պատրաստ լինի մասնակցելու գիտության զարգացմանը, Հայաստանում գիտության հիմքերը էականորեն կամրապնդվեն, իսկ արդյունքները շատ երկար սպասեցնել չեն տա։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին