Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) դիտարկում է որպես կոմիտեի ապագա ամենահզոր գործընկերներից մեկը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ Մեդիամաքսի հարցին, Սամվել Հարությունյանն ասել է.
«FAST-ի առջեւ դրված խնդիրները շատ համահունչ են Գիտության պետական կոմիտեի առջեւ դրված խնդիրներին: Մենք անպայման համագործակցելու ենք, չի բացառվում, որ համատեղ ծրագրեր իրականացնենք»:
Նա հավելել է, որ Գիտության պետական կոմիտեն եւ FAST հիմնադրամը պետք է փոխլրացնեն միմյանց:
«FAST հիմնադրամի գաղափարի համար պետք է շնորհակալություն հայտնենք Ռուբեն Վարդանյանին: Այդ գաղափարն արդեն իրականացման փուլում է, եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում որոշակի արդյունքներ կտեսնենք»,- ասել է Սամվել Հարությունյանը:
Մեդիամաքսի հարցազրույցը FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ կարող եք կարդալ այստեղ:
















