Միշել Մայոր. Հայաստանում պետք է զարգացնել աստղակենսաբանությունը - Mediamax.am

57369 դիտում

Միշել Մայոր. Հայաստանում պետք է զարգացնել աստղակենսաբանությունը


Միշել Մայորը
Միշել Մայորը

Լուսանկարը` http://www.trbimg.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում է առաջին արտաարեգակնային մոլորակը հայտնաբերած աշխարհահռչակ պրոֆեսոր Միշել Մայորը:

Մայիսի 31-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կկայանա նրա հանրային դասախոսությունը, որին կհաջորդի Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արտաարեգակնային մոլորակներ եւ աստղակենսաբանություն» թեմայով աշխատաժողովը:

 

Հանրային դասախոսությունից առաջ մայիսի 30-ին պրոֆեսորը հանդիպել է լրագրողների հետ եւ ասել, որ շատ երջանիկ է չորրորդ անգամ լինել Հայաստանում:

 

«Առաջին անգամ Հայաստան էի եկել 10 տարի առաջ եւ հենց այդ ժամանակ էլ սկսեցին առաջին քննարկումներն ու համագործակցությունը: Բյուրականի աստղադիտարանը միշտ էլ հայտնի է եղել Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ, բայց տարիներն անցնում են, գիտության մեջ արդիական խնդիրները փոխվում են:

 

Առ այսօր հայ աստղագիտությունը բարձր մակարդակով հայտնի է եղել ակտիվ գալակտիկաների ուսումնասիրության, աստղային էվոլյուցիայի, տիեզերաբանության, տեսական աստղաֆիզիկայի ոլորտներում, հիմա խնդիր է, որ հայ աստղագետները կարողանան տիրապետել նաեւ առաջացող նոր ոլորտներին եւ զբաղվեն դրանցով: Այժմ շատ տարածված եւ կարեւոր է արտաարեգակնային մոլորակների ուսումնասիրության հարցը, եւ լավ կլինի, որ այդ ուղղությամբ համագործակցություն գնա»,- ասել է Միշել Մայորը:

 

Աստղաֆիզիկոսը համագործակցության երկու ոլորտ է տեսնում: Նրա խոսքով, նախ պետք է ուսումնասիրել Հայաստանի տեխնիկական հնարավորությունները եւ գտնել այն հնարավոր մեթոդները, որոնցով Հայաստանում կարող են արտաարեգակնային մոլորակների որոնմամբ զբաղվել: Համագործակցության մյուս ձեւը, ըստ պրոֆեսորի, պետք է լինի փորձել Հայաստանում աստղակենսաբանության զարգացումը՝ աստղագետների եւ կենսաբանների համագործակցության միջոցով:    

 

Նա նշել է, որ արեգակնային համակարգից դուրս, այլ աստղերի շուրջը պտտվող մոլորակների հարցը մարդկությանը հետաքրքրել է առնվազն երկու հազար տարի.

 

«Արդյո՞ք սա միակ հնարավոր քաղաքակրթությունն է, թե՞ կան նաեւ այլ հասարակություններ տիեզերքի այլ տեղերում: Մենք, բարեբախտաբար, գտնվում ենք մարդկության պատմության այն փուլում, երբ հայտնաբերվեցին այդ մոլորակները: Շատ հետաքրքիր սերունդ ենք մենք եւ մարդկությանը հազարավոր տարիներ հետաքրքրող հարցի պատասխանը հիմա տալիս ենք: Բոլոր աստղերն, ըստ երեւույթին, ունեն մոլորակներ»:

 

Միշել Մայորի խոսքով, այսօր հարցը միայն էկզոմոլորակները հայտնաբերելու մեջ չէ, այլեւ դրանց ուսումնասիրության, դասակարգման: Այժմ հարցն այն է, թե գիտնականներն ինչպիսի մոլորակներ պետք է առանձնացնեն, որոնց վրա կյանքի հնարավոր ձեւեր կարող են լինել: 

 

Անդրադառնալով աստղակենսաբանությանը, նա ասել է, որ այն բազմաճյուղ գիտություն է, որում ներգրավված են գիտության գրեթե բոլոր ճյուղերը՝ աստղագիտությունը, քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը, երկրաբանությունը եւ այլն:

 

«Աստղագետները, կարծես թե, իրենց գործը կատարում են, մենք հայտնաբերում ենք այդ մոլորակները, վայրերը, որտեղ կյանքը կարող է գոյություն ունենալ, հիմա պետք է ավելի խորը հետազոտություններ արվեն»,- ասել է նա:

 

Միշել Մայոր դեռեւս 2007թ.-ին Հայաստանում մասնակցել է Եվրոպական աստղագիտական մեծ համագումարին, իսկ 2010թ.-ին Գարիկ Իսրայելյանի եւ Նունու Սանտոշի հետ արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին: Միշել Մայորը Վիկտոր Համբարձումյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտախորհրդատվական հանձնաժողովի եւ Հայկական աստղագիտական ընկերության անդամ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին