Տագնապալի լուրեր Սիրիայից` զինյալները ստիպում են հայերին կրոնափոխ լինել, իսկ հրաժարվողներին գլխատում են - Mediamax.am

9845 դիտում

Տագնապալի լուրեր Սիրիայից` զինյալները ստիպում են հայերին կրոնափոխ լինել, իսկ հրաժարվողներին գլխատում են


Տագնապալի լուրեր Սիրիայից` զինյալները ստիպում են հայերին կրոնափոխ լինել, իսկ հրաժարվողներին գլխատում են
Տագնապալի լուրեր Սիրիայից` զինյալները ստիպում են հայերին կրոնափոխ լինել, իսկ հրաժարվողներին գլխատում են

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Khabararmani.com արաբալեզու կայքը տեսանյութ է տարածել, որտեղ Սիրիայում Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորմանը հարող «Դավլաթ ալ-Իսլամ Իրաք վա Շամ»  խմբավորման անդամների հարկադրանքով երկու հայ քրիստոնյա ընտանիքներ իսլամ են ընդունում:

 

Խմբավորումը սիրիական ճգնաժամի ընթացքում հայտնի է դարձել «անհավատների» գլխատման եւ եկեղեցիների ոչնչացման բազմաթիվ դեպքերով: Խմբավորումը Սիրիայում եւ Իրաքում ունի մոտ 12 հազար զինյալներ:  

 

Տարածված տեսանյութը մեկնաբանել է Մերձավոր Արեւելքի եւ իսլամի փորձագետ Ռայմոնդ Իբրահիմը.

 

«Տարիքով հայ տղամարդը կանգնած է մահմեդական հոգեւորականի դիմաց, ով հայտարարում է նրա` իսլամ ընդունելու լուրը, իսկ հավաքվածները սկսում են բղավել` Ալահ Աքբար: Հոգեւորականը ցնծությամբ հայտարարում է. չկա մեկ այլ Աստված քան Ալահը, եւ Մուհամմեդն է նրա մարգարեն»:

 

«Կրոնականը նաեւ ավելացնում է, որ քանի որ այդ տղամարդը տան գլուխն է, ապա նրա կինը եւ երեխաները եւս դառնում են մահմեդական, եւ իսլամից  հրաժարվելու դեպքում կկոչվեն դավաճաններ, ինչը պատժվում է մահապատժով», - պարզաբանել է Ռայմոնդ Իբրահիմը:  

 

Իբրահիմը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա,  որ քրիստոնյաներն, ովքեր դարեր շարունակ ապրել են մահմեդական մեծամասնությամբ բնակեցված Սիրիայում, պահպանել են իրենց կրոնը, իսկ այսօր այդքան «անսպասելի»  հրապուրվում են իսլամով, այն էլ Ջիհադ հայտարարած կազմակերպության աջակցությամբ, որը ռմբակոծում է եկեղեցիները,  գերևարում ու գլխատում քրիստոնյաներին: 

 

Հիշեցնելով  2012 թվականի դեպքերը, երբ Սիրիայում մի ամբողջ հայ ընտանիք գլխատվեց, Իբրահիմը եզրակացրել է, որ միգուցե այս երկու ընտանիքներն աչքի առաջ ունենալով տեղի ունեցածը, իսլամ ընդունելն ավելի խելացի քայլ են համարել:

 

Այսօր տեղեկություն է ստացվել, որ իսլամ ընդունելը մերժելու հետեւանքով Սիրիայում սպանվել է Մինաս անունով մի հայ, իսկ մի քանի օր առաջ ապստամբների ճամբարից փախած մի խումբ քրդեր պատմել էին, թե ինչպես են զինյալները գլխատել իրենց հետ գերի ընկած երկու հայերին: Քրդերի խոսքերով, հայերից մեկի գլուխը թխվածքաբլիթի տուփի մեջ հրամցրել են մյուս գերիներին: 

 

2012-ի փետրվարին սիրիական ընդդիմության առաջնորդներից մեկը` գրող Յասսին ալ Հաջ Սալեհը Մեդիամաքսի հետ զրույցում հավաստիացրել էր, որ հայերին Սիրիայում ոչ մի վտանգ չի սպառնում:

 

«Չեմ հասկանում, թե ինչու է առաջացել այն մտավախությունը, թե նրանք ճնշումների կենթարկվեն: Սա, կարծում եմ, ավելորդ անհանգստություն է: Որեւէ մեկը հայերին որեւէ բանում չի մեղադրում…Հայերն ապրում են այստեղ Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Նրանք լիովին ինտեգրված են սիրիական հասարակությանը եւ նրա մի մասն են կազմում», - նշել էր նա: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին