Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ «այսօր իրանական կողմից ադրբեջանական պետության դեմ ահաբեկչական գործողություն է իրականացվել»։
Ինչպես հաղորդում է պետական ԱԶԵՐԹԱՋ գործակալություն, ընդգծելով, որ անօդաչու սարքերի թիրախները Նախիջեւանում քաղաքացիական օբյեկտներ են եղել, Ալիեւը նշել է.
«Ադրբեջանական պետությունը վճռականորեն դատապարտում է այս զզվելի ահաբեկչական գործողությունը։ Այն իրականացնողները պետք է անհապաղ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություններ տան եւ ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից»։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Իրանի կողմից հարձակման գործողությունները անպատասխան չեն մնա»:
«Մարտի 5-ին Իրանի զինված ուժերն Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վրա, այդ թվում՝ միջազգային օդանավակայանի եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքի ուղղությամբ»,- նշել են Ադրբեջանի ՊՆ-ում:
«Ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստում է անհրաժեշտ հակամիջոցներ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների ու ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար.
«Հարձակման այս գործողությունները անպատասխան չեն մնա»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն եւս հայտարարությամբ է հանդես եկել.
«Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին եւ նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին: Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անհապաղ պարզաբանի այդ հարցը, բացատրություններ տա եւ ձեռնարկի անհրաժեշտ անհետաձգելի քայլեր՝ ապագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար: Ադրբեջանական կողմը պահպանում է համապատասխան հակամիջոցներ ձեռնարկելու իրավունքը»:















