Ադրբեջանը «կընդլայնի ներկայությունը Եվրոպայի էներգետիկ շուկայում» - Mediamax.am

Մարտ 03, 2026
241 դիտում

Ադրբեջանը «կընդլայնի ներկայությունը Եվրոպայի էներգետիկ շուկայում»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է եվրոպական էներգետիկ շուկայում իր երկրի ներկայությունն ընդլայնելու մտադրության մասին:

Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով Բաքվում՝ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի նախարարական նիստում, Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Նախորդ անգամ ես նշել էի, որ մենք գազի մատակարարումներ ենք իրականացնում 12 երկիր: Այս պահին այդ երկրների թիվն արդեն 16 է եւ այս ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:

 

Նախորդ անգամ հիշատակել էի գազի մատակարարումների աշխարհագրությունն ընդլայնելու մեր ծրագրերի մասին, եւ, ինչպես տեսնում եք, դրանք իրականացել են: Կարեւոր իրադարձություն էր այն, որ գազի մատակարարումներն արդեն հասել են Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող այլ ուղղություններ: Սկսել ենք գազ մատակարարել Սիրիա՝ դա կարեւոր էր Սիրիայի, տարածաշրջանի եւ Ադրբեջանի համար, քանի որ մատակարարումների դիվերսիֆիկացումը մեզ համար, ինչպես եւ ցանկացած երկրի համար, շատ կարեւոր է:

 

Ինչ վերաբերում է մեր ծրագրերին, ապա ցանկանում ենք ընդլայնել մեր ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում: Արդեն սկսել ենք գազ մատակարարել եւս երկու եվրոպական երկիր՝ Գերմանիա եւ Ավստրիա: Այսպիսով, այսօր ԵՄ անդամ 10 երկիր գազ է ստանում Ադրբեջանից: Իսկ առաջիկա տարիներին, հաշվի առնելով ադրբեջանական հանքավայրերից արդյունահանվող գազի նոր ծավալները, մենք կարող ենք ավելացնել մատակարարումների ծավալները: Բայց դրա համար, անշուշտ, եւ մենք այդ մասին խոսել էինք նախորդ անգամ, պետք է մտածենք գոյություն ունեցող գազատրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման մասին, քանի որ այսօր Հարավային գազային միջանցքն արդեն լիովին ծանրաբեռնված է, եւ մենք փնտրում ենք ընդլայնման եւ միջհամակարգային միացումների այլ հնարավորություններ, որպեսզի կարողանանք մատակարարել այնքան, որքան պահանջում է շուկան, իսկ հնարավոր է նաեւ ավելին՝ հաշվի առնելով աշխարհում առկա իրավիճակը»:

 

Իլհամ Ալիեւը նաեւ հիշեցրել է, որ «վերջերս ձեռք ենք բերել Թուրքիայի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը՝ 870 մեգավատ հզորությամբ»:

 

«Իսկ անցյալ ամիս Սերբիայի հետ պայմանագիր է ստորագրվել Սերբիայում 500 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան կառուցելու մասին: Այսպիսով, մեր ներդրումն էներգետիկ անվտանգության գործում չի սահմանափակվում միայն մեր սահմաններով եւ Հարավային գազային միջանցքով: Մեզ համար կարեւոր ձեռքբերումների եւ նշանակալի գործոնների թվում է նաեւ Իտալիայում 10 միլիոն տոննա ընդհանուր հզորությամբ երկու նավթավերամշակման գործարանների ձեռքբերումը: Եթե դրան գումարենք այն, ինչ մենք արդեն ունենք Էգեյան ծովի ափին Թուրքիայում՝ 12 միլիոն տոննա հզորությամբ նավթավերամշակման գործարանը, ապա ընդհանուր առմամբ Միջերկրական եւ Էգեյան ծովերում մենք կունենանք 22 միլիոն տոննա ծավալով նավթավերամշակման հզորություններ»,- նշել է Ադրբեջանի նախագահը: 




Մեր ընտրանին