Երեւան: Մեդիամաքս: 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի եւ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի հավանականությունը, բարձրացել՝ խաղաղ կարգավորման հավանականությունը։ Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցում։
Ծառայությունը «անհավանական է համարում 2026 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան:
«2026 թվականին նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում եւս, մեծ հավանականությամբ, առաջընթաց կգրանցվի արդեն իսկ սկսված գործընթացներում, իսկ հարեւանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերի ընթացքը»,- ասվում է զեկույցում:
Ծառայության վերլուծության մեջ նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներ: ԱՀԾ-ն նշում է, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլեւ էականորեն ակտիվացրել է այս քարոզչությունը, ինչը «զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար»:
Նշվում է նաեւ, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը.
«Ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը եւ շատ դեպքերում՝ իրականացվում այլ ոլորտների հաշվին։ 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով»:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: