Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում, ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հոկտեմբերի 20-ին ելույթ ունենալով Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը, Արարատ Միրզոյանն ասել է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին Հայաստանում: Ամրապնդելով այս շղթան՝ մենք կարող ենք ամրապնդել փոխադարձ վստահությունը, փոխկախվածությունը և կայուն աճը: Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն»:
Սա է նաև պատճառը, որ մենք ողջունում ենք Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ Համակարգող հարթակի ստեղծումը, և Հայաստանը պատրաստ է լինել ակտիվ և կառուցողական գործընկեր դրա հաջողության ապահովման գործում՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP ուղու ներառման միջոցով»։
















