Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է «Զանգեզուրի միջանցք» անվանել «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Տրամփի ուղին» (TRIPP), որի ստեղծման վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում:
Ասիայում փոխգործակցության եւ վստահության կառուցման միջոցների խորհրդակցություն շրջանակներում կայացած համաժողովի մասնակիցներին ուղղված Ալիեւի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ադրբեջանը դառնում է Եվրասիայի կարեւորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը: Միեւնույն ժամանակ, չեմ կասկածում, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում մայրցամաքներն իրար կապող կարեւոր տրանսպորտային արտերիա կդառնա»:
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ «խաղաղական օրակարգը, որը մենք առաջ ենք տանում տարածաշրջանում մեր երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո, նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար»:
















