Երեւան: Մեդիամաքս: Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը կարծում է, որ «Թուրքիան դառնում է ոչ թե անվտանգություն ապահովող, այլ վտանգ արտահանող երկիր»։
«Կարող ենք պնդել, որ այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ ռազմականացված է», - ասել է Ջենգիզ Աքթարը՝ ապրիլի 19-ին ելույթ ունենալով Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած "The South Caucasus Along Fault Lines: Regional and International Perspectives” («Հարավային Կովկասը խզումային խախտումների ներքո՝ տարածաշրջանային եւ միջազգային հեռանկարներ») կոնֆերանսում:
Նշելով, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շատ է օգտվում հետախուզական ծառայություններից, Աթենքի համալսարանի պրոֆեսորն ասել է, որ
«Թուրքիան վտանգ է զգում»։ Աքթարի խոսքով, նման քաղաքականությունը բնորոշ է բոլոր ուժերին, որոնք փորձում են իրենց ագրեսիվ գործելաոճը ներկայացնել իբրեւ հակաակաբեկչական։
Բանախոսն ասել է, որ «նախկին Օսմանյան կայսրության տարածքում Թուրքիան իրեն զգում է ինչպես տանը» եւ իր արտաքին քաղաքականությունն իրացնելիս առաջնորդվում է այդ տրամաբանությամբ՝ վստահ լինելով, որ իրավունք ունի միջամտել մեծ տարածաշրջանի գործերին։
Ջենգիզ Աքթարն ավելացրել է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի այսօրվա ագրեսիվ քաղաքականությունը համապատասխանում է 1920 թվականին Օսմանյան խորհրդարանի կողմից սահմանված «Միսաքի միլլի» օսմանյան ազգային ուխտին, որը փաստացի ենթադրում է նախկին Օսմանյան կայսրության տարածքների համախմբում Թուրքիայի ներքո։
Մարիամ Գալստյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: