ԵՄ քաղաքացիական առաքելությունն իրականացրել է 5 000-րդ պարեկությունը - Mediamax.am

1973 դիտում

ԵՄ քաղաքացիական առաքելությունն իրականացրել է 5 000-րդ պարեկությունը


Լուսանկարը` uropa.eu


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելությունն (EUMA) իրականացրել է 5 000-րդ պարեկությունը:

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության կայքում նշվում է, որ առաջին պարեկությունն իրականացվել էր 2023 թվականի փետրվարի 20-ին:

 

«Դիտարկում իրականացնելուց բացի առաքելությունն ակտիվորեն ներգործում է տեղի համայնքների հետ: Պարեկային թիմերը պարբերաբար հանդիպում տեղի բնակիչներին, լսում են նրանց եւ հաղորդում են մարդկանց անվտանգային իրավիճակի մասին: Պարեկները այցելում են դպրոցներ, որտեղ պատմում են իրենց առաքելության եւ այն արժեքների մասին, որոնց վրա այն կառուցված է: Այս մոտեցումը օգնել է EUMA-ին վստահություն կառուցել եւ իրազեկվածություն ապահովել իր գործունեության մասին», - նշում են Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայությունում:

 

Մեդիամաքսը նշում է, որ նախորդ շաբաթ Հայաստան այցելած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել էր EUMA-ի ղեկավար, ազգությամբ գերմանացի Մարկուս Ռիտերին:

 

EUMA-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, այն նաեւ 6 կայան ունի Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում, Կապանում, Գորիսում եւ Իջեւանում:

 

Ս.թ. հունվարի 30-ին ԵՄ որոշեց EUMA-ի մանդատը երկարացնել երկու տարով՝ մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս դժգոհություն է հայտնել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունից եւ մեդադրանքներ հնչեցրել ԵՄ նախկին եւ ներկա ղեկավարների հասցեին:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին ասել էր, որ պատրաստ է դիտարկել ԵՄ դիտորդների հեռացումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներից:

 

EUMA-ն Հայաստանում տեղակայվել է 2023 թվականին փետրվարին՝ ունենալով 100 դիտորդ: 2023 թվականի դեկտեմբերին Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշում էին կայացրել առաքելության կազմն ընդլայնել մինչեւ 209 դիտորդ: Ավելի ուշ առաքելությանը միացել էր նաեւ Կանադայի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան պաշտոնական Մոսկվայի եւ Բաքվի ներկայացուցչներն հայտարարել էին, որ EUMA-ն «վերածվում է ՆԱՏՕ առաքելության»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին