Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրին վերաբերող իր առաջարկների պատասխանը։
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մենք ստացել ենք Ադրբեջանի պատասխանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, սակայն մյուս ուղղություններին վերաբերող առաջարկները (հաղորդակցությունների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ հավաստագրման մեխանիզմ), դեռևս անպատասխան են մնում»,- նշել է նա։
Փետրվարի սկզբին ելույթ ունենալով ԱՄՆ Ատլանտյան խորհրդում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի երկու գլուխները, որոնց վերաբերյալ կողմերն առայժմ համաձայնության չեն եկել.
«Կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։
Մյուս կետը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին։ Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։
Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից։
Խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են։ Այդ նախագծում կային շատ խորը և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։
Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: