Միրզոյան. Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ - Mediamax.am

4455 դիտում

Միրզոյան. Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին եւ շփումներին»:

«Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որի հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ եւ դրանից անդին՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների եւ էլեկտրագծերի վերակառուցման, կառուցման եւ շահագործման միջոցով»,- Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նաեւ նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները.

 

«Սա լրացնում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ չվերթների հաստատման եւ օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։

 

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սեւ, Կասպից եւ Միջերկրական ծովերի միջեւ:

Այս տեսլականը հաշվի առնելով՝ Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ երկու երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին