Բաքուն մերժել է Փաշինյանի առաջարկը - Mediamax.am

3788 դիտում

Բաքուն մերժել է Փաշինյանի առաջարկը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի» է որակել Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված գլուխները ստորագրելու մասին:

«Անընդունելի է Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը առանց չհամաձայնեցված դրույթների ստորագրելու եւ այդպիսով երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները ապագա տեղափոխելու մասին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։

 

Սեպտեմբերի 10-ին Փաշինյանը ասել էր, որ «առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ մի հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»:

 

«Շատ կարեւոր է դնել այն հիմքը կամ չմերժել այն հիմքը, որն արդեն դրված է մի քանի տարվա բանակցությունների արդյունքում: Հույս ունեմ, որ մենք առաջիկայում առիթ կունենանք ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը եւ անցնել մնացած բանակցություններին՝ հետագա հարցերը լուծելու համար»,-  նշել էր Նիկոլ Փաշինյանը:

 

Հաջիզադեի խոսքերով, Բաքվի եւ Երեւանի միջեւ «իրական եւ կայուն» խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական եւ քաղաքական փաստաթղթերում, ներառյալ սահմանադրությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին