Ալիեւ. Պետք է ապահովել Հայաստան վերադառնալու ադրբեջանցիների իրավունքը - Mediamax.am

1771 դիտում

Ալիեւ. Պետք է ապահովել Հայաստան վերադառնալու ադրբեջանցիների իրավունքը


Լուսանկարը` azertag.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ պետք է ապահովել «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու իրավունքը։

Այս մասին, ինչպես հաղորդում է AZERTAC գործակալությունը, Ալիեւն ասել է Կանադայի նորանշանակ դեսպան Քեւին Հեմիլթոնի հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով դիվանագետի խոսքերը վերադարձի իրավունքի ապահովման մասին։

 

«Նախագահն ընդգծել է, որ այդ իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ Արեւմտյան Ադրբեջանի Համայնքի ներկայացուցիչների համար։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ անցյալ դարում բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջին անգամ՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկական զտումների Հայաստանի տարածքում, իսկ նրա նյութական եւ մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»,- ասվում է AZERTAC-ի հաղորդագրությունում։

 

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները չէին կարող կամ ավելի ճիշտ՝ չէին ցանկանում հասնել հակամարտության կարգավորմանը, նրանք բոլորն էլ ցանկանում էին, որ Հայաստանի կողմից իրականացված օկուպացիան հավերժ շարունակվի»։

 

Իլհամ Ալիեւն ասել է, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առարկայական բանակցությունները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերին, քանի որ մինչ այդ Հայաստանը փորձում էր այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» հարցը ներառել խաղաղության պայմանագրի մեջ։ Դա անընդունելի էր, քանի որ դա մեր ներքին խնդիրն է։ Այսպիսով, անջատողական ռեժիմի լուծարումից հետո բանակցությունները շարունակվում են ընդամենը 6 ամիս՝ դեկտեմբերից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

«Պետության ղեկավարն ասել է, որ դա ժամանակ է պահանջում, եւ, իհարկե, խաղաղության պայմանագրի ամենակարեւոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, եւ քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Միաժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ «մենք բավականին արագ ենք շարժվում բանակցային գործընթացի շրջանակներում»։

 

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների աշխատանքը մի քանի ամսվա ընթացքում: Օկուպացիայի ժամանակ միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, իսկ հետո կազմել տեքստը։ Մենք կարծում ենք, որ սա կարող է լինել տարբերակներից մեկը՝ համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին