Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը:
«Գործընթացը դինամիկ է, երբեմն առաջընթաց կա, երբեմն՝ ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղարը: Նա նշել է, որ Ադրբեջանը դեռ չի պատասխանել հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկին.
«Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ-ից հրադադարի խախտումներ են լինում, միանշանակ է՝ հայկական կողմից էսկալացիայի որեւէ քայլ, կրակոցներ չեն եղել»:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, նաեւ՝ միջազգային գործընկերները։
Խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այն տեղի է ունենում հատվածական, իսկ թե որտեղ կլինի հաջորդ սահմանազատումը, դեռ համաձայնություն չկա։
«Սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու: Ամբողջական կայունության համար, սակայն, խաղաղության պայմանագիր է պետք։ Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը: Հայաստանը փորձում է խաղաղության պայմանագիր ունենալ հնարավորինս արագ»,- եզրափակել է ԱԽ քարտուղարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: