Փաշինյան. Խաղաղության պայմանագիրը կարելի է ստորագրել մեկ ամսվա ընթացքում - Mediamax.am

1751 դիտում

Փաշինյան. Խաղաղության պայմանագիրը կարելի է ստորագրել մեկ ամսվա ընթացքում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «այս պահին խաղաղության պայմանագրի տեքստը բավականին հասունացած է»:

«Կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի եւ մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն միմյանցից տարածքային պահանջներ, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառումից, պատրաստ են չմիջամտել իրար ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել եւ պատրաստ են հաստատել դիվանագիտական հարաբերություններ, մնացած բոլոր հարցերը լուծվող են: Եթե տարածքային ամբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա:

 

Փաշինյանի խոսքով՝ կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը.

 

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի պնդումներին Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, Փաշինյանն ասել է, որ «փորձել այդ հարցը բերել բանակցությունների սեղան՝ նշանակում է տորպեդահարել խաղաղության գործընթացը»:

 

«Չեմ բացառում, որ այդտեղ կան նաեւ որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնել Հայաստանի ներքին գործերին եւ նաեւ որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել Հայաստանում:

 

Սահմանադրության փոփոխության մասին մենք խոսել ենք 2018 թվականից։ Մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, ու մենք ասել ենք, որ սահմանադրական փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, որովհետեւ դա բացառապես մեր ներքին օրակարգն է», - ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին