Փաշինյան. «Արեւմտյան Ադրբեջան»-ը Հայաստանի դեմ նոր պատերազմի հայեցակարգ է - Mediamax.am

2414 դիտում

Փաշինյան. «Արեւմտյան Ադրբեջան»-ը Հայաստանի դեմ նոր պատերազմի հայեցակարգ է


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ««Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է»:

«Եվ սա կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Փարիզի խաղաղության համաժողովում»:

 

«Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված հետեւյալ երեք սկզբունքների վրա.

 

1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ քառակուսի, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ քառակուսի տարածք։

 

2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

 

3. Տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքները:

 

Մենք այս սկզբունքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում, եւ այդ պայմանավորվածություններն արձանագրվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններում՝ 2023 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումներից հետո», - հիշեցրել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին