Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին այսօր ասել է, որ «Խուդաֆերին» եւ «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շինարարությունն ավարտվել է եւ սկսվել է տուրբինների տեղադրման գործընթացը։
Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում՝ Իրանի դեսպանը նշել էր, որ սահմանային գետերի շուրջ աշխարհում բազմաթիվ վեճեր կան։
«Հետեւաբար, Իրանի եւ Ադրբեջանի կողմից սահմանային գետերի համատեղ օգտագործումը օրինակ է ողջ աշխարհի համար»,- ասել է Մուսավին։
2021 թվականին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ասել էր, որ «Խուդաֆերին» եւ «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնումը հնարավորություն կտա տարեկան արտադրել 716 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
















