Նախարարը կարող է «իրեն այս ռեֆորմի եւ հայր, եւ կնքահայր համարել», ասել է Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը - Mediamax.am

13391 դիտում

Նախարարը կարող է «իրեն այս ռեֆորմի եւ հայր, եւ կնքահայր համարել», ասել է Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը


ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

Լուսանկարը` http://www.2rd.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր արձագանքել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին, որում նա ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»:

 

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով հարցազրույցը, Վիկտոր Սողոմոնյանն ասել է.

 

«Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ:

 

Ցավոք, դրանից բխում է, որ նախարարը չգիտի, թե ինչ տարբերություն կա պարտադիր եւ կամավոր կուտակային ապահովագրության միջեւ, ինչպես նաեւ չի պատկերացնում սերունդների համերաշխության սկզբունքի էությունը: 

 

Բացատրեմ նախարարին, որ կամավորը՝ դա երբ քաղաքացին ինքն է որոշում. ընդգրկվել կուտակային համակարգում, թե ոչ: Պարտադիրը՝ երբ օրենքը պարտադրում է ընդգրկումը: Նախարարի հիշատակած որոշումներով կառավարությունն ըստ էության ասում էր, որ ցանկացողները կարող են կամավորության սկզբունքով ընդգրկվել կուտակային ապահովագրության համակարգում, սակայն որեւէ գործուն մեխանիզմ դրա համար չէր ստեղծվել: Հանրապետությունում շարունակում էր գործել պարտադիր, բայց ոչ կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը /վերոնշյալ սկզբունքով. պարտադիր սոցիալական վճարումների միջոցով մի սերունդը վճարում է մյուս սերնդի թոշակները/:

 

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը ի նկատի է ունեցել կամավոր կուտակային ապահովագրության զուգահեռ գործարկման համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծումը, ինչը կառավարությունը չէր հասցրել անել:

 

2009 թվականի ճգնաժամը, որ հանգեցրեց ֆինանսական շուկաների բարձր տատանողականության, մեծացրեց կուտակված միջոցների ապագայում կորցնելու կամ արժեզրկելու ռիսկերը, ինչի մասին Ռոբերտ Քոչարյանը ասել էր իր հարցազրույցում:

 

Հասկանում եմ, որ «խոսուն փաստերի» սիրահար նախարարին դժվար է գլուխ հանել այս ամենից, բայց պետք է ձգտել դրան. ի վերջո, դա իր աշխատանքն է:

 

Այնպես որ, նախարարը կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի եւ հայր, եւ կնքահայր համարել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին