Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ասել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընթացող պայքարը «քաղաքացիական հասարակության ընդվզում է, ինչը նաեւ գործող կառավարության ձեռքբերումն է»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարության նիստից հետո Հրայր Թովմասյանն ասել է.
«Եթե սակագները բարձրացվել են, որպեսզի որոշ մարդիկ հարստանան, ապա կառավարության ցանկացած անդամ դեմ է դրան: Բայց եթե ունենալու ենք նոր որակի տրանսպորտ, ապա պետք է նստենք ու քննարկենք դա: Միգուցե հստակ հաշվարկված չէր, կամ անտեսվել էր այն, որ մենք ունենք սոցիալապես խոցելի խմբեր՝ հաշմանդամներ, ուսանողներ, եւ միգուցե պետք էր տարբերակված մոտեցումներ ցուցաբերել»:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ արդյոք անօրինական գործողություն է քաղաքացիների կողմից 100 դրամ վճարելը տրանսպորտի ծառայության դիմաց, Հրայր Թովմասյանն ասել է հետեւյալը. «Ո՛չ, անօրինական չէ»:
















