Փաշինյան. «Փափուկ գործոններն» ավելի հուսալի են անվտանգության համար - Mediamax.am

Մարտ 03, 2026
281 դիտում

Փաշինյան. «Փափուկ գործոններն» ավելի հուսալի են անվտանգության համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր ղեկավարած կառավարությունը անվտանգության ապահովման հարցերում ավելի շատ ապավինում է «փափուկ գործոններ»-ին, քան բանակին:

Այդ մասին է վկայում է Նիկոլ Փաշինյանի մարտի 2-ի ելույթը Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: 

 

Կառավարության հաղորդագրության մեջ ասված է.

 

«Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրի անվտանգության եւ բնականոն զարգացման գործում դիվանագիտության եւ դիվանագիտական ծառայության դերին պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ անվտանգություն ասելիս սովորաբար միշտ հասկացել ենք բանակ. «Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա կամ այդքան նշանակում է անվտանգության իրադրությունը կամ վիճակը բարվոք չէ: Եվ ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, ինչպես ընդունված է ասել, նշանակում է անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա»։ 

 

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  աշխարհը, պրոցեսները, տեղի ունեցող փոփոխությունները եւ իրադարձությունների պատճառահետեւանքային կապը ճանաչելը թույլ է տալիս միջավայրն ավելի կանխատեսելի եւ կառավարելի դարձնել։ 

 

«Նաեւ պետք է չմոռանանք մեր դիվանագիտական գործունեության ամենակարեւոր նպատակը. մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է: Դա էլ է խնդիր. երբ այդքան շատ կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը, իհարկե, կենսական անհրաժեշտություն է, բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը եւ անվտանգության մեր կարիքը, այդքան նշանակում է, որ ուղղակի հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից»,- ասել է վարչապետը։ 




Մեր ընտրանին