Արմեն Դարբինյան. Ռուսաստանում ոմանք ինձ հայ ազգայնական են համարում - Mediamax.am

Դեկտեմբեր 05, 2025
219 դիտում

Արմեն Դարբինյան. Ռուսաստանում ոմանք ինձ հայ ազգայնական են համարում


Արմեն Դարբինյանը
Արմեն Դարբինյանը
Արմեն Դարբինյանը
Արմեն Դարբինյանը

Հայաստանի նախկին վարչապետ եւ Ռուս-Հայկական Համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանը հարցազրույց է տվել լրագրող Վիտալի Դիմարսկուն, որից Մեդիամաքսը հատվածներ է քաղել։

 

 

 

Ադրբեջանի հետ խաղաղության մասին

 

Մենք պետք է շատ երկար ճանապարհ անցնենք՝ երկարատեւ խաղաղություն ապահովելու համար: Չեմ կարող ասել, որ խաղաղության գործընթացն ավարտված է. այն նոր է սկսվում: Դա մտածելակերպի փոփոխության ճանապարհ է, եւ այն տասնամյակներ կտեւի: Վերքերը շատ թարմ են, եւ դրանք կսկսեն ամոքվել միայն մտածելակերպի փոփոխության դեպքում:

 

Պետք է փոխվեն դասագրքերը: Հայաստանը ադրբեջանական դասագրքերում ներկայացված է որպես թշնամի. ատելություն կա յուրաքանչյուր տողում: Դա շատ երկար գործընթաց է, եւ ես անկեղծ հույս ունեմ, որ այն կիրականացվի արժանապատվորեն:

 

Վերաիմաստավորում

 

Այսօր Հայաստանում տեղի է ունենում մեր անցած ուղու վերաիմաստավորումը:

 

Պետության վերաձեւակերպում, նոր պետական փիլիսոփայության, նոր հայեցակարգի որոնում։ Ինչպես, որ ուղղությամբ առաջ շարժվել, ինչպես երկրի եւ պետության ինքնիշխանությունը կարող է խթանել անհատի ազատության զարգացմանը։ Եվ հակառակը, ինչպես քաղաքացու պատասխանատվությունը կարող է եւ պետք է ծառայի երկրի ինքնիշխանության ամրապնդմանը։

 

Այժմ մենք գտնվում ենք այս գործընթացների մեջ, եւ, իհարկե, դրանում մեծ դեր են խաղում ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գործոնները։ Քաղաքական գործիչների եւ որոշում կայացնողների պատասխանատվությունը չափազանց մեծ է։ Նրանք պատասխանատու են ինչպես ներկա, այնպես էլ նախորդ սերունդների առջեւ։

 

Միամտություն, Ղարաբաղ եւ Ռուսաստան

 

Մենք [հայերս] միշտ էլ չափազանց միամիտ ենք եղել։ Մենք որոշումներ ենք կայացրել, այդ թվում՝ քաղաքական, հուզական ազդակների հիման վրա։ Չեմ հիշում, որ երբեւէ առաջնորդվեինք ռացիոնալ նկատառումներով։

 

Մենք շատ միամիտ էինք՝ մտածելով, որ ինչ-որ մեկը պետք է մեզ «նվիրի» Ղարաբաղը։ Մեզ թվում էր, որ մեր բարեկամությունը [Ռուսաստանի հետ], հավերժական է, եւ որ այն երաշխիքն ու գրավականն է, որ Ղարաբաղը հայկական կմնա։

 

Տասնամյակներ շարունակ մեզ անընդհատ ներշնչում էին, որ կան հավերժական թշնամիներ, որոնց հետ որեւէ պարագայում անհնար է հաշտվել։ Եվ եթե կա արտաքին թշնամի, ապա անհրաժեշտ է պաշտպանություն։ Եվ այսպես էլ ապրում էին հայերը՝ միամտորեն ենթադրելով, որ այս պարադիգման փրկիչ է պահանջում։

 

Այժմ մենք փորձում ենք դուրս գալ այս վիճակից։ «Եղունգ ունես, գլուխդ քորի»։ Մենք պետք է հույս դնենք մեր սեփական ուժերի, սեփական քաղաքացիական պատասխանատվության, սեփական ինքնիշխանության վրա եւ փորձենք պաշտպանել ինքներս մեզ։ Որովհետեւ «փրկիչների» առաջնահերթությունները փոխվում են։

 

Կոորդինատների այլ համակարգ

 

Մենք պետք է համաձայնության գայինք Ադրբեջանի հետ։ Որովհետեւ տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման սկզբունքների համադրությունը, ըստ էության, նշանակում էր, որ այս ինքնորոշումը հնարավոր էր միայն Ադրբեջան պետության շրջանակներում։ Սակայն հայ հասարակությունն ու քաղաքական գործիչները հուզականորեն չէին կարող ընդունել այս ճշմարտությունը։ Եվ ինչո՞ւ մարդիկ լքեցին Ղարաբաղը։ Որովհետեւ արդեն երեք սերունդ ապրում էր անկախ երկրում։ Եվ այսօր նրանց վերադարձը հարազատ տներ անհնար է, հոգեբանորեն անհնար է։ Նրանք ապրել են կոորդինատների այլ  համակարգում։

Արմեն Դարբինյանը Արմեն Դարբինյանը

 

Շատ կցանկանայի, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանատվություն զգար պատմական հուշարձանների, հայկական ժառանգության նկատմամբ։ Այո, այսօր այնտեղ հայեր չկան, բայց կա հայկական ժառանգություն։ Եվ դրա պահպանությունը պետք է լինի ադրբեջանական պետության պատասխանատվությունը։ Առանց դրա խաղաղությունը հնարավոր չի լինի։

 

«Ջրի երես դուրս գալ»

 

Մենք պետք է «ջրի երես դուրս գանք» տարածաշրջանային մասշտաբով։ Եվ հասկանանք մեր դերը։ Ինչպե՞ս ենք մենք հարաբերվում մեր հարեւանների հետ։ Ինչպե՞ս ենք ապահովում մեր անվտանգությունը։ Ինչպե՞ս ենք փոխգործակցում մեր գործընկերների հետ։ Ինչպե՞ս ենք վերակազմավորում հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպե՞ս ենք Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ նոր հարաբերություններ կառուցում։

 

Ներքին մանիպուլյացիաներ

 

Մենք պարտավոր էինք ուժի դիրքերից հաղթահարել ցեղասպանության բարդույթը 2015 թվականին եւ Ադրբեջանի հետ հրադադարի եւ խաղաղության իրական գործընթաց սկսել։ Դրա փոխարեն Հայաստանը փոխեց իր սահմանադրությունը՝ դառնալով խորհրդարանական պետություն, որպեսզի նախագահը կարողանա վերընտրվել որպես վարչապետ։ Մենք դիմեցինք ներքին մանիպուլյացիաների, շահարկումների եւ ժամանակ վատնեցինք։

 

Կորցրեցինք թանկարժեք ժամանակը, եւ, ըստ էության, հենց սա էլ մեզ բերեց այն պատերազմին, որում ի սկզբանե պարտված էինք։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք միշտ հույսը դնում էինք ռազմավարական դաշնակցի վրա։ 2015 թվականից հետո մենք սահուն գնում էինք դեպի մի իրավիճակ, երբ մենք արդեն Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը չէինք տարածաշրջանում։ Հայտնվեց մեկ այլ ռազմավարական դաշնակից՝ Ադրբեջանը։

 

Խորհուրդ Կիրիենկոյին

 

Կրեմլում ստեղծել են նոր վարչություն, որը ղեկավարում է Սերգեյ Կիրիենկոն: Շատ եմ ուզում խորհուրդ տալ իմ վաղեմի գործընկեր Կիրիենկոյին չկենտրոնանալ [Հայաստանում] որեւէ նոր ընտրական ձեւաչափերի ստեղծման եւ ընտրական գործընթացին մասնակցելու վրա: Պետք չէ մասնակցել Հայաստանի ընտրություններին: Դա պարտվողական ռազմավարություն է: Պետք է մտածել, թե ինչպես վերագործարկել հարաբերությունները, մտածել այն մասին, թե ինչ կարող է լինել Հայաստանը Ռուսաստանի համար ապագայում:

 

 «Անցյալ ժամանակի խոսակցություն»

 

Սխալների, անտաղանդ կերպով պարտված պատերազմի մասին խոսակցությունը անցյալ ժամանակի խոսակցություն է: Այսօր նման խոսակցությունը այլեւս արդյունավետ չէ: Մենք պետք է մտածենք այն հեռանկարի մասին, որը առաջարկում ենք երկրին: Չեմ տեսնում իրական այլընտրանք ներկայիս կառավարության առաջարկած հեռանկարին: Աշխարհը եւ աշխարհի առաջնորդները այսօր խոսում են Փաշինյանի հետ: Եվ նրանք, անշուշտ, պատրաստ չեն խոսել այլ որեւէ մեկի հետ: Հետեւաբար, կարծում եմ, որ 2026 թվականի ընտրությունները մրցակցային չեն լինելու:

 

«Ինձ համարում են հայ ազգայնական»

 

Մենք Ռուսաստանին եւ ռուսներին միշտ որպես հարազատներ եւ եղբայրներ ենք ընկալել։ Բայց մենք հարգանք են պահանջում մեր ինքնիշխանության նկատմամբ։ Դա կարեւոր է։ Ես միշտ պահանջել եմ դա՝ երբ պետական համակարգում եւ ակադեմիական ոլորտում էի։ Անձնագիր ունեմ, որով հպարտանում եմ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, 25 տարեկան էի, եւ ես կյանքի նոր շունչ զգացի: Ռուսաստանի քաղաքական շրջանակներում շատերն ինձ հայ ազգայնական են համարում։ Եթե ազգային շահերին ծառայելու տեսանկյունից դիտարկենք՝ նրանք ճիշտ են։ Այո, ես հայ ազգայնական եմ։ Բայց ազգայնական եմ, ով հարգում է բոլորին, ճանաչում է բոլորի իրավունքներն ու շահերը։ Եվ միեւնույն ժամանակ պահանջում է պատշաճ հարգանք իր պետության ինքնիշխանության նկատմամբ։

 

Մոսկվայի դիրքորոշումը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ

 

Ինձ դուր չի գալիս պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, որը ձեռք է քաշել Ռուբեն Վարդանյանից՝ դա հիմնավորելով նրանով, որ Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նրա դեպքում քաղաքացիությունից հրաժարվելը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէր, այլ գործողություն, որը հաստատում էր նրա նվիրումը Ղարաբաղի ինքնորոշման գործին։

 

Ռուբենը շատ բան է արել ռուսական հասարակության եւ պետության համար։ Նա Ռուսաստանում ներդրումային բանկինգի հիմնադիրն, «Սկոլկովո» դպրոցի նախաձեռնողը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին