Երեւան: Մեդիամաքս: Բաքվի ռազմական դատարանում այսօր նախատեսված են Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 22-րդ օրն է նա գտնվում է հացադուլի մեջ:
Մարտի 5-ին նա ընտանիքի միջոցով ձայնային ուղերձ էր փոխանցել՝ ընդգծելով, որ իր պահանջները նույնն են.
«Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք:
Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [19]87 թվականից: Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»:
Դեռ փետրվարի 26-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել էր, որ նրա առողջությունը վտանգված է:
Գենսերի մուտքը Ադրբեջան արգելվել է, ուստի նա կոչ էր արել միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներին, Վարդանյանին այցելելու թույլտվություն ստանալ:
Այս հայտարարությունից անցել է երկու շաբաթից ավելի: Հայտնի չէ, թե այսօրվա նիստում Ռուբեն Վարդանյանը առողջական ինչ վիճակում է գտնվելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: