Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ժողովրդին՝ ներկայացնելով «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը»։
Դրանում, մասնավորապես, ասված է․
«Իրական Հայաստանի սույն գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, պետության մեջ հաստատված սահմանադրական կարգն ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ ձեռքբերված համաժողովրդական պայմանավորվածություն:
Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»։
Մեդիամաքսը նշում է, որ վարչապետը հանրաքվեի անցկացման ժամկետ չի նշել։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ «խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է»:
«Երբ խաղաղությունը հաստատված է, այն շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների վերջնանպատակ, արտահայտվելով տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությամբ: Խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանային գործոն է, որովհետև խաղաղությունը կամ նրա բացակայությունն առաջին հերթին արտահայտվում է անմիջական հարևանների հետ հարաբերություններում, ապա միջազգային, ապա համաշխարհային: Խաղաղությունը ռազմավարական և երկարաժամկետ առումով հնարավոր է, երբ դառնում է հմտություն, որը պիտի արտահայտվի հարևանների միջավայրում առանց արտաքին աջակցության և համագործակցված ապրելու կարողությամբ:
Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ են տարածաշրջանի երկրների փոխկախվածությունները, տարածաշրջանային և համաշխարհային մատակարարումների ցանցում և առևտրում երկրի ունեցած տեղը: Պաշտպանունակ բանակը նույնպես խաղաղության էական գործոն է, անկախության և պետականության էական բաղադրիչ», -ասել է վարչապետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: