Քոչարյան. «Ոչմիթիզական Ռեմբոն աշխարհաքաղաքական Գիքոր է դարձել» - Mediamax.am

2543 դիտում

Քոչարյան. «Ոչմիթիզական Ռեմբոն աշխարհաքաղաքական Գիքոր է դարձել»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է, որ «Արցախի հանձնումը տեղի է ունեցել երկու փուլով»:

«Առաջինը՝ 2018-2020 թվականին էր եւ երկրորդ՝ 2020-ի պատերազմից հետո մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր», - ասել է Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում:

 

Նա պնդել է, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն արհամարհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ընդունելի առաջարկները»՝ ասելով, թե «ես կինոյի տղան եմ, ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ եւ, ըստ էության բանակցային գործընթացը մտցնելով փակուղի»:

 

«Նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ սա պատերազմի կոչ էր: Այդ ընթացքում տպավորություն կար, թե Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ «ամենաոչմիթիզական» ղեկավարն է: Նա իրեն «կովկասյան Ռեմբո» երեւակայեց, որը կարող է անել այն ամենն, ինչ ուզում է: Սակայն պատերազմից հետո «ոչմիթիզական Ռեմբոն» դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր»», - ասել է Հայաստանի նախկին նախագահը:

 

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, «փայլուն հնարավորություն կար՝ ընդունել համանախագահների առաջարկը եւ մտնել բանակցությունների փուլ, փայլուն հնարավորություն կար խուսափել պատերազմից»:

 

Նրա խոսքով՝ ձախողման պատճառը Նիկոլ Փաշինյանի «մեծամտությունն է, 2-3 քայլ առաջ հաշվարկ անելու անընդունակությունը եւ արկածախնդրությունը».

 

«Դիվանագիտական արվեստը չուգունե գլխով պատ ջարդելը չի, այլ դուռ գտնելը այդ պատի մեջ»:

 

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Արցախի հանձնման երկրորդ փուլը եւ «կոպիտ սխալը եղել է Պրահայում, երբ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»:

 

«Սա դատավճիռ էր: Սա եղել է այն ժամանակ, երբ Ռուսաստանն անհաջողություններ էր ունենում Ուկրաինայում, եւ ՀՀ իշխանությունները որոշեցին, որ Ռուսաստանը պարտվում է: Պրահայի որոշումով զրոյացվեց Ռուսաստանի միջնորդության մանդատը։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարամիտ սխալվում է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին