Փաշինյան. 6,5 տարի խարխափել ենք Պատմական ու Իրական Հայաստանների արանքում - Mediamax.am

1121 դիտում

Փաշինյան. 6,5 տարի խարխափել ենք Պատմական ու Իրական Հայաստանների արանքում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ազգային Ժողովում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է «Պատմական» ու «Իրական» Հայաստանների մասին:

Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթի այդ հատվածները:

 

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Իրական Հայաստանն է, այսինքն՝ այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե եւ դե ֆակտո միաժամանակ,  եւ այդ գոյության դե յուրե եւ դե ֆակտո հատվածներն անքակտելի են: Եվ պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պիտի ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում, աշխատանքի, միայն ու միայն աշխատանքի»:

 

«Մեր խնդիրն  այն է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այդ թվում հարկային ու մյուս օրենսդրություններն ի սկզբանե Իրական Հայաստանի հիմքի վրա չեն ձեւավորվել: Եվ ես վստահ չեմ, որ մեր օրենքները, ընթացակարգերը, քաղաքականություններն ավելին ձեւավորելու լավագույն հնարավորությունն են տալիս: Ինչ նկատի ունեմ: Նկատի ունեմ մի բան, որը կարող է նաեւ տարօրինակ հնչել մեր իրականության մեջ: Կառավարության ու Ազգային ժողովի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների եւ կարգավորումների խնդիրներից մեկը, առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով եւ/կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը: Սա մի բան է, որ մեր պետական մարմինները հիմնադրման օրից ոչ թե բաց են թողել իրենց ուշադրությունից, այլ ընդհանրապես նրանց գենետիկայի մեջ չի էլ եղել նման խնդիր, եւ այս հարցի կարգավորումն առանցքային է: Մեր պետական մարմինների գենետիկա եւ գործելակարգի մեջ, մինչեւ այսօր, մենք բոլորս երբեք չենք ասել, չենք արձանագրել՝ մենք ի՞նչ հարց ենք լուծում, ի՞նչ խնդիր պետք է լուծենք, իսկ մենք պետք է լուծենք մի խնդիր: Մենք պետք է լուծենք հետեւյալ խնդիրը, որ հնարավորություն ստեղծենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, գործունեություն ծավալող ավելի ու ավելի շատ մարդ հարստանա: Հասկանո՞ւմ եք, ոչ թե «յոլա գնա», այլ՝ հարստանա»:

 

«Մենք պիտի մեր ամբողջ օրենսդրությունը, ընթացակարգերը, արտաքին եւ ներքին քաղաքականությունները համապատասխանեցնենք այս կարիքներին, «Իրական Հայաստանի» կարիքներին: Սա երկար, բարդ աշխատանք է, ու մենք այսօրվանից պիտի սկսենք այս աշխատանքը: Քննադատներն այս կետում շատ դիպուկ ասելիք ունեն, որը հետեւյալն է. իսկ ինչ էիք անում մինչեւ հիմա, վերջին վեց ու կես տարիներին: Իհարկե, չի կարելի ասել, որ մենք այս ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացրել, մենք շատ աշխատանքներ ենք իրականացրել, բայց շատ կարեւոր է, որ այդ աշխատանքները չենք իրականացրել հայեցակարգային հստակ ձեւակերպման եւ պլանի ներքո: Եվ պիտի խոստովանեմ, որ հիմնական բանը, որ վերջին վեց ու կես տարիներին մենք բոլորս իրար հետ արել ենք՝ դա խարխափումն է Պատմական ու Իրական Հայաստանների արանքում:

 

Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք, մեզնից առաջ էլ, մեզնից առաջ նույնիսկ  ընդհանրապես խարխափում չի էլ եղել, իսկ մենք, մեր հիմնական ժամանակ, էներգիան ծախսել ենք՝ Պատմական ու Իրական Հայաստանների արանքում խարխափելով: Գուցե ցանկալիից ավելի ուշ, բայց այդ խարխափումն ավարտված է: Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն ընտրել են Իրական Հայաստանի հայեցակարգը որպես ռազմավարություն: Վստահ եմ աներկբայորեն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նույնպես ընտրել է Իրական Հայաստանը եւ առաջիկա պատեհ առիթով իր այդ ընտրությունը կվերահաստատի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին