Մեզ պետք է նոր Սահմանադրություն, ասել է Փաշինյանը - Mediamax.am

1525 դիտում

Մեզ պետք է նոր Սահմանադրություն, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ»:

ՀՀ Սահմանադրության օրվա առիթով ուղերձում կառավարության ղեկավարն ասել է, որ Սահմանադրությունը «քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների եւ պարտականությունների մասին»:

 

«Ինքնիշխան բառը հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան եւ այդպես է ոչ միայն դե յուրե, այլեւ 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ նաեւ դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը: Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարեւանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին եւ, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:

 

Իմ համոզմունքը եղել եւ մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, եւ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, եւ տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման եւ ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության եւ այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:

 

Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը: Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է, ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, որովհետեւ Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձեւավորելու համար, եւ մենք չպետք է շեղվենք այս նպատակից», - ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին