Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ “վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են»:
«Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի եւ դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որ ստորագրվել են նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից: Շատերն ուղղակի եւ անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը եւ նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնարար գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական եւ իրավական հիմքը, ինչպես նաեւ այդ անկախացման հիմնարար սկզբունքները: Եվ հետեւաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետեւանքներով», - ասել է Փաշինյանը՝ Անկախության օրվա առիթով ուղերձում:
«Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել եւս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժեւորվի, եւ խաղաղությունն ամենեւին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղությունը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից:
Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին եւ ներքին ցնցումների միջով, եւ մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի», - ասել է վարչապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: